ՌԱԴԻՈ

Հայաստանի որդեգրած ՏՏ զարգացման մոդելը հնարավոր է առաջ տանել ԵԱՏՄ հարթակում. Ենգիբարյան

Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է այն հարցին, թե ԵԱՏՄ–ում ՏՏ պարկի էկոհամակարգը զարգացնելու ինչ հնարավորություններ կան և մասնավորապես Հայաստանն այդ առումով ինչ կարող է անել։
Sputnik
Հայաստանը հիմա ՏՏ ոլորտում շահառու է, որովհետև վերջին երկու տարվա ընթացքում մեր երկիր են մուտք գործել այնպիսի կազմակերպություններ, որոնք այլ պայմաններում կարող է և չգային, կամ տարիներ տևեր, որպեսզի հնարավոր լիներ նրանց բերել Հայաստան։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը։
ԵԱՏՄ երկրները պայմանավորվել են միմյանց էլեկտրացանցերին հավասար հասանելիության մասին
ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը Եվրասիական տնտեսական միության գործընկերներին առաջարկել է միավորման տարածքում զարգացնել ՏՏ-պարկերի էկոհամակարգը: Միշուստինի խոսքով՝ Ռուսաստանը բաց է ՏՏ ոլորտում բարձր որակավորում ունեցող օտարերկրյա մասնագետների առջև, նրանց համար պայմաններ է ստեղծում, մասնավորապես՝ հեշտացրել է կացության կարգավիճակ ստանալը։
«Տեխնոլոգիական զարգացման տեսակետից Հայաստանի համար բավականին դժվար է ՏՏ ոլորտում սեփական պրոդուկտներ, լուծումներ չունենալով և միայն դրսից գնելով զարգանալ, որովհետև պատերազմների կամ պատժամիջոցների պատճառով ոլորտի ներկայացուցիչները կորցնում են այնքան բան, որ հնարավոր չէ մի քանի տարվա ընթացքում վերականգնել։ Այժմ իրավիճակը բարենպաստ է այն առումով, որ առաջ է եկել տեխնոպարկերի, այսինքն` համապատասխան ՏՏ միջավայրերի համագործակցության կոնցեպտը»,– նշեց Ենգիբարյանը։
Նրա դիտարկմամբ` Հայաստանը նախկինում արդեն իսկ տեխնոպարկեր է ստեղծել Գյումրիում, Վանաձորում և մեր գիտական պոտենցիալը օգտագործվել է, որպեսզի փոքր կազմակերպությունների միջոցով ստեղծվեն միջավայրեր, արժեքներ, պրոդուկտներ, որոնց շնորհիվ հնարավոր է դուրս գալ արտաքին աշխարհ։
«ԵԱՏՄ–ն իր ներսում փորձում է վարել այնպիսի քաղաքականություն, որ նույնիսկ մասնագիտացված որոշ կազմակերպությունների լուծարման կամ այլ երկրներ տեղափոխվելու պարագայում ընդհանուր արժեքը չկորչի և հնարավոր լինի շարունակել համագործակցությունը` ներգրավելով մարդկանց, ընկերություններին։ Չափազանց կարևոր է նաև սեփական լուծումների մշակումն ու խրախուսումը։ Այժմ ցուցաբերվում են հետաքրքիր մոտեցումներ, որոնք հնարավորություն կտան Հայաստանի կողմից վերջին 5-6 տարում որդեգրած ՏՏ զարգացման մոդելն առաջ տանել ԵԱՏՄ հարթակում»,– ասաց մեր զրուցակիցը։
ԵԱՏՄ երկրների շարքում տեղեկատվական անվտանգության հարցերի շուրջ տարակարծություններ կան
Ենգիբարյանի կարծիքով` աշխարհում տեղի ունեցող դինամիկ փոփոխությունները հանգեցրել են նրան, որ ՏՏ համակարգերի համագործակցությունը դարձել է առաջնահերթություն, և դա չի վերաբերում միայն ԵԱՏՄ–ին։ Այսօր աշխատուժը շարժվում է այնտեղ, ուր հաճելի է ապրել ու ստեղծագործել։
Ենգիբարյանի պնդմամբ` Հայաստանը նույնպես պետք է գնա այդ ճանապարհով և առաջարկի առավել բարենպաստ պայմաններ տեղում արարելու համար։
«ՏՏ ոլորտում համակարգերը ոչ թե պետք է սուր կերպով մրցակցեն, այլ համագործակցեն։ Հայաստանն իհարկե շահեկան դիրքում է հայտնվել, քանի որ առաջատար բազմաթիվ մասնագետներ ու կազմակերպություններ Ռուսաստանից ժամանել են մեզ մոտ, բայց մենք չպետք է բավարարվենք եղածով, այլ ավելի նպաստավոր տեղեկատվական միջավայր առաջարկենք մեր գործընկերներին։ Վերջին 20 տարիների աշխատանքը ծնել է մի միջավայր, որ աշխարհի լավագույն մասնագետները Հայաստանը դիտարկում են տեղափոխվելու վայր»,– ասաց Ենգիբարյանը։
Նշենք, որ ՌԴ վարչապետն Ալմաթիում կայացած համաժողովի ժամանակ հայտարարել էր, որ ԵԱՏՄ տարածքում համատեղ թվային նախաձեռնությունների իրականացման համար լավ մասնագետներ են անհրաժեշտ, և կարևոր է, որ եվրասիական տարածքում այնպիսի կադրային քաղաքականություն վարվի, որը կնպաստի պրոֆեսիոնալների պատրաստմանը։