Բլինկենը Չինաստան չի մեկնի. նա օդապարիկի հետ կապված միջադեպի պատճառով հետաձգել է այցը

ԱՄՆ պետքարտուղարը հայտարարել է, որ տեղի ունեցածն անպատասխանատու գործողություն է և ԱՄՆ-ի ինքնիշխանության ու միջազգային իրավունքի ակնհայտ խախտում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 փետրվարի – Sputnik. ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը հեռախոսով զրուցել է Չինաստանի Կոմկուսի Կենտկոմի արտաքին գործերի հանձնաժողովի գրասենյակի ղեկավար, Քաղբյուրոյի անդամ Վան Իի հետ և տեղեկացրել, որ որոշել է հետաձգել իր ուղևորությունը։ Տեղեկությունը հայտնում է Պետդեպարտամենտի մամուլի ծառայությունը:
«Պետքարտուղարը հայտարարել է, որ ծրագրել էր այցելել Պեկին՝ ի շարունակություն նոյեմբերին Բալիում ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի և ՉԺՀ-ի նախագահ Սի Ծինփինի համաձայնեցրած օրակարգի։ Պետքարտուղարն ուշադրություն է հրավիրել ՉԺՀ-ի այն հայտարարության վրա, որը ափսոսանք է պարունակում (ստեղծված իրավիճակի պատճառով), սակայն հավելել է, որ տեղի ունեցածն անպատասխանատու գործողություն է և ԱՄՆ-ի ինքնիշխանության ու միջազգային իրավունքի ակնհայտ խախտում», - ասված է հաղորդագրությունում։
Ավելի վաղ Պենտագոնի ներկայացուցիչը հայտնել էր, որ ԱՄՆ-ի երկնքում հետախուզական օդապարիկ է հայտնվել, զինվորականները կարծում են, որ այն պատկանում է Չինաստանին, իրավիճակի մասին տեղեկացրել են նախագահ Ջո Բայդենին, Վաշինգտոնը նաև կապ է հաստատել Պեկինի հետ։
ԱՄՆ պետքարտուղարը հնարավոր է` հանդիպի Չինաստանի նախագահին
Միևնույն ժամանակ Վաշինգտոնում հայտարարել էին, որ օդապարիկը հսկողության տակ են առել այն պահից, երբ մի քանի օր առաջ մտել է ԱՄՆ օդային տարածք, և հետևում են ռազմական ավիացիայի միջոցով: ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը Ֆիլիպիններ կատարած այցի ժամանակ Պենտագոնի բարձրաստիճան պաշտոնյաներին հանդիպման է հրավիրել՝ քննարկելու օդապարիկի հետ կապված միջադեպը: Պաշտոնյան ասել է, որ ռազմական հրամանատարությունը քննարկել է Մոնտանայի վրայով օդապարիկը խոցելու հնարավորությունը, բայց ի վերջո որոշել են այդ քայլին չգնալ, քանի որ բեկորները կարող են ընկնել մարդկանց վրա։
ԱՄՆ–ն ուկրաինական ճգնաժամի նախաձեռնողն ու ամենամեծ շարժիչն է. Չինաստանի ԱԳՆ
Չինաստանը հաստատել է, որ օդապարիկը պատկանում է իրենց` շեշտելով, որ այն սխալմամբ հայտնվել է ԱՄՆ–ի տարածքում։