ԵՐԵՎԱՆ, 4 փետրվարի – Sputnik. ՀՀ Արմավիրի մարզի Այգեվան գյուղում բնակվող Քեսաբլյան ընտանիքում ծնվել է 11-րդ զավակը` Գոռը։ Տեղեկությունը հայտնում է Արմավիրի մարզպետարանը։
Նշվում է, որ երեխան լույս աշխարհ է եկել Արմավիրի Զարիշատ Մարտինի Մկրտչյանի անվան Արմավիրի բժշկական կենտրոնի ծննդատանը փետրվարի 02-ին:
Քեսաբլյան ամուսիններն արդեն 6 որդի և 5 դուստր ունեն։
«Բազմազավակ մայրիկն ասաց, որ երբեք ոչ մի դժվարությունից չի տրտնջացել և չի բողոքել, որևէ մեկից որևէ սպասելիք չունեն։ Իրենք պետք է իրենց երեխաներին պահեն։ Ամեն ինչ անելու են, որ երեխաները լավ կրթություն ստանան, քանի որ շատ են կարևորում ուսումը»,–ասված է հրապարակման մեջ։
Ընտանիքի առաջնեկը 19 տարեկան է, ընդունվել է ԱԻՆ ճգնաժամային կառավարման ակադեմիա և այժմ ծառայում է բանակում: Իսկ ամենափոքրը 2 տարեկան է։ Հայրը՝ Վլադիմիր Քեսաբլյանը, հողագործությամբ է զբաղվում, իսկ մայրը՝ Ռոզա Պապոյանը, երեխաների խնամքով է տարված: