ԵՐԵՎԱՆ, 4 փետրվարի – Sputnik. Արևմուտքի երկրները փաստացի սառեցնում են բանակցությունները Անդրկովկասում անվտանգության և կայունության շուրջ ժնևյան միջազգային քննարկումների շրջանակում, և ՌԴ-ն պետք է հաշվի առնի դա։ Այս մասին հայտարարել է ՌԴ Դաշնության խորհրդի միջազգային գործերի կոմիտեի ղեկավար Գրիգորի Կարասինը, հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Ժնևյան քննարկումներում ԵՄ-ի, ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի համանախագահները հարավօսական կողմին չեն տեղեկացրել քննարկումների հերթական փուլի հետաձգման մասին, որը նախատեսված էր փետրվարին: Հարավային Օսիան, իր հերթին, չեղյալ է հայտարարել Ցխինվալում Անդրկովկասի անվտանգության և կայունության հարցերով ժնևյան քննարկումների համանախագահների հետ հանդիպումը, որը նախատեսված էր փետրվարի 7-ին:
«Նոր ամպեր են կուտակվում Հարավային Կովկասի վրա։ Արևմուտքը Ռուսաստանի հետ առճակատման ազարտի մեջ փաստացի սառեցնում է բանակցությունների օգտակար ձևաչափը «Հարավային Կովկասի անվտանգության շուրջ ժնևյան քննարկումների» շրջանակներում (Աբխազիա, Հարավային Օսիա, Վրաստան, Ռուսաստան, ԱՄՆ՝ ԵԱՀԿ, ՄԱԿ-ի և Եվրամիության մասնակցությամբ)։ Դե ինչ, հիմա պետք է տառապեն ու անհանգստանան Հարավային Կովկասի հետ մեր ընդհանուր տարածաշրջանի ժողովուրդները։ Մենք պետք է դա հաշվի առնենք և պատրաստվենք»,-գրել է Կարասինը իր Telegram ալիքում։
Քաղաքական գործիչը նշել է, որ ժնևյան քննարկումները Հարավային Կովկասի տարածաշրջանում հուսալի ապահովագրող ցանց էին սրացումների դեմ:
«Ռուսաստանը միշտ պատասխանատու կերպով մասնակցել է դրա աշխատանքին, ինչպես նաև «Ժնևյան քննարկումների» շրջանակներում ստեղծված միջադեպերին արձագանքելու մեխանիզմներին։ Հավանաբար, հարաբերական կանխատեսելիությունն արդեն չի տեղավորվում Վաշինգտոնի ծրագրերի մեջ»,-եզրափակել է խորհրդարանականը։
Մոսկվան 2008 թվականի օգոստոսի 26-ին Ցխինվալի դեմ Վրաստանի զինված ագրեսիայից հետո ճանաչել է Հարավային Օսիայի և Աբխազիայի ինքնիշխանությունը։ Ռուսաստանի ղեկավարները բազմիցս հայտարարել են, որ երկու նախկին վրացական ինքնավարությունների անկախության ճանաչումն արտացոլում է առկա իրողությունները և վերանայման ենթակա չէ։ Սակայն Թբիլիսին հրաժարվում է ճանաչել հանրապետությունների անկախությունը։
Ժնևյան քննարկումները պարբերաբար անցկացվում են 2008 թվականի հոկտեմբերից։ Քննարկումների գլխավոր հարցերից մեկը ուժի չկիրառման մասին փաստաթղթի ստորագրումն է։ Մոսկվան, Ցխինվալը և Սուխումին Թբիլիսիին կոչ են անում ստորագրել այդ համաձայնագիրը, սակայն Վրաստանը, որը չի ճանաչում իր նախկին ինքնավարությունների անկախությունը, պնդում է, որ ուժի չկիրառման պարտավորությունը պետք է ստանձնի Ռուսաստանը։ Հարավային Օսիան և Աբխազիան ընդգծել են, որ Վրաստանը պետք է այդ համաձայնագիրը կնքի հենց երկու հանրապետությունների, այլ ոչ թե ՌԴ-ի հետ, որը հակամարտության կողմ չի հանդիսանում։