Արցախից Հայաստան է տեղափոխվել ևս 6 հիվանդ. լրացված

Հիվանդները տեղափոխվել են հայաստանյան տարբեր բուժհաստատություններ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 փետրվարի – Sputnik. Այսօր Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբԱրցախից Հայաստան է տեղափոխվել 6 հիվանդ: Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակի հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին:
Նրա խոսքով` հիվանդները տեղափոխվել են հայաստանյան տարբեր բուժհաստատություններ։
Արցախի տեղեկատվական շտաբն ավելի ուշ հայտնել է, որ Արցախի Հանրապետական բժշկական կենտրոնից ՀՀ տեղափոխված 6 անձինք ունեն ուռուցքային և սրտանոթային համակարգի ծանր հիվանդություններ, ինչպես նաև վիրահատություն պահանջող ախտաբանություն։
Հավելենք, որ մինչ այսօր Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ Արցախից Հայաստան է տեղափոխվել 70 հիվանդ։
Հիշեցնենք` դեկտեմբերի 12-ից Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։ Դեկտեմբերի 13-ից ադրբեջանական կողմը ժամանակ առ ժամանակ անջատում է Արցախի գազամատակարարումը։
Հունվարի 9-ից ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող տարածքից անջատվել է նաև Հայաստանից դեպի Արցախ էներգասնուցումը: Ադրբեջանական կողմը հնարավորություն չի տալիս, որ մասնագետները մոտենան և հասկանան պատճառները՝ անհրաժեշտության դեպքում վթարավերականգնողական աշխատանքներ իրականացնելու համար: Արցախում էլենտրաէներգիայի մատակարարումն իրականացվում է հովհարային անջատումներով։
Լաչինի միջանցքը շարունակում է փակ մնալ։