Զելենսկու գրասենյակի ղեկավարը խոստովանել է, որ մեծ գին են վճարում Արտյոմովսկի համար

Հարցը Միխայիլ Պոդոլյակին անհարմար վիճակի մեջ է դրել, և նա դրան ավելի էմոցիոնալ է պատասխանել, քան նախորդ հարցերին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 փետրվարի – Sputnik. Վլասիմիր Զելենսկու գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը հրաժարվել է նշել Արտյոմովսկում (ուկրաիներեն անվանումը` Բախմուտ) ուկրաինական կողմի կորուստների թիվը, բայց հայտարարել է, որ Ուկրաինան «մեծ գին է վճարում» քաղաքը պահելու համար։
«Մարդկային կորուստների վերաբերյալ այժմ չեմ կարող ձեզ պատասխանել։ Այդ թիվը կկարողանանք հայտնել պատերազմի ավարտից հետո»,–հայտարարել է Պոդոլյակը 20 minutos իսպանական թերթին տված հարցազրույցի ժամանակ ի պատասխան լրագրողի այն հարցին, թե օրական որքան կորուստ են կրում Արտյոմովսկում։
Միևնույն ժամանակ նա նշել է, որ Ուկրաինան «մեծ գին է վճարում» քաղաքը պաշտպանելու համար, բայց չի կարող լքել այն։
Պարբերականը նշում է, որ այդ հարցը Միխայիլ Պոդոլյակին անհարմար վիճակի մեջ է դրել, և նա դրան ավելի էմոցիոնալ է պատասխանել, քան նախորդ հարցերին։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր Economist պարբերականը, մի շարք ուկրաինացի հրամանատարներ կարծում են, որ Արտյոմովսկի մարտերում չարժե ծանր կորուստներ տալ։ ԶԼՄ–ները հայտնել էին նաև, որ ԱՄՆ–ն Ուկրաինային խորհուրդ է տալիս դուրս բերել ուժերն Արտյոմովսկից` երկրի հարավում հարձակում նախապատրաստելու համար։
ՌԴ ՊՆ-ն հայտարարել է Արտյոմովսկի հյուսիսային ծայրամասերում գրոհ սկսելու մասին
Արտյոմովսկը գտնվում է ԴԺՀ–ի` Կիևի վերահսկողության տակ գտնվող Գորլովկա քաղաքից դեպի հյուսիս ընկած հատվածում, կարևոր տրանսպորտային հանգույց է Դոնբասում ուկրաինական զորախմբերին մատակարարելու համար։
Այսօր ԴԺՀ–ի ժամանակավոր պաշտոնակատար Դենիս Պուշիլինի խորհրդական Իգոր Կիմակովսկին ՌԻԱ Նովոստիին հայտնել էր, որ ՌԴ ԶՈւ–ն մոտ է Արտյոմովսկի շուրջ օղակն ամբողջությամբ կրակային վերահսկողության տակ վերցնելու համար, այժմ նրանք ամրացել են արևելյան սահմաններում, ՌԴ հրետանին վերահսկում է քաղաքի բոլոր մատույցները։
Հիշեցնենք՝ փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 343-րդ օրը։