ԵՐԵՎԱՆ, 3 փետրվարի – Sputnik. Թուրքիայի հետ սահմանի բացումը հանգեցնելու է տնտեսական բարձր աճի, քանի որ թուրքական շուկան, հաղորդակցությունների բացումը լայն հնարավորություն էտալու, հասանելիություն թե՛ հենց թուրքական շուկային, թե՛ մերձավորարևելյան երկրներ ապրանքներ տեղափոխելու մասով: «Արմենպրես»-ի հետ զրույցում նման հայտարարություն է արել ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։
Նա վստահ է՝ եթե աշխարհաքաղաքական հանգամանքները հօգուտ Հայաստանի դասավորվեն, և Թուրքիայի հետ սահմանը բացվի, Հայաստանի բոլոր տնտեսվարողները կզգան դրա դրական էֆեկտը:
«Մեր տեղեկություններով` դեռևս կանոնավոր օդային բեռնափոխադրումներ տեղի չեն ունենում: Եվ, ճիշտն ասած, հաշվի առնելով երկրների իրար մոտ լինելը՝ հավանական է, որ չլինեն էլ, քանի որ տրանսպորտային կապը ցամաքով՝ Վրաստանի միջոցով, բավականին մատչելի է: Եվ օդային հաղորդակցությունն առաջին հայացքից այդքան էլ գրավիչ չէ»,-ասաց Քերոբյանը:
Նախարարը, այնուամենայնիվ, չի բացառում, որ որոշակի ապրանքատեսակների համար կանոնավոր փոխադրումներ կլինեն. «Համենայն դեպս, օդային ուղևորափոխադրումների հետ մեկտեղ նաև բեռներ էլ են տեղափոխվում, որը, ըստ էության, օդային բեռնափոխադրումների մի տարատեսակ է: Ուղղակի բեռնատար օդանավեր չկան դեռ, գուցեև չլինեն էլ: Մենք դրա համար առանձնապես շատ չենք անհանգստանում»։
Անդրադառնալով սահմանի բացման պայմաններում Հայաստանի արտադրողների համար հնարավոր ռիսկերի վերաբերյալ հարցին՝ նա նշել է, որ, բնականաբար, ռիսկեր էլ կլինեն, բայց կառավարությունը լուրջ աշխատանք է կատարում: Որպես օրինակ նա նշել է մշակող արդյունաբերության և մի շարք այլ ոլորտների ընկերություններին աննախադեպ աջակցության մասին, որպեսզի ընկերությունները, օգտագործելով նաև տնտեսական բարձր աճի տված հնարավորությունները, կարողանան արդիականացնել իրենց բիզնեսը, թվայնացնել, սարքավորումները, պրոցեսները թարմացնել և դառնալ բարձր արտադրողական և մրցունակ ընկերություններ:
Քերոբյանը հայտնեց, որ նախորդ տարվա տվյալներով՝ 56 մլրդ դրամի գործարք են ֆինանսավորել, որի արդյունքում 901 պայմանագիր է կնքվել՝ նոր սարքավորումների ձեռքբերման և բիզնեսում օգտագործման համար: