Ճգնաժամի օրերին կարևոր լուծում էր «Ճամփորդի՛ր առանց Covid 19–ի» հավելվածը. Փաշինյան

Հավելվածի համար Ռուսաստանն ու Հայաստանը գործարկեցին փորձնական ծրագիր, որը դարձավ լիարժեք ու ընդգրկեց 9 երկրներ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 փետրվարի – Sputnik. «Ճամփորդի՛ր առանց Covid 19–ի» հավելվածը կարելի է որպես վահան օգտագործել հնարավոր համաճարակային իրավիճակների դեմ և բժշկական կարևոր տեղեկատվության փոխանակման հարթակ։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Ղազախստանի Ալմաթի քաղաքում անցկացվող Եվրասիական միջկառավարական խորհրդի ընդլայնված կազմով նիստում առաջարկեց քննարկել հավելվածի գործարկումը` ավելի լայն հնարավորություններով։
Իտալացի պատգամավորները պաստառներով վազել են դահլիճով ՝ բողոքելով Covid-սերտիֆիկատների դեմ
Նա շեշտեց, որ վերջին տարիների իրադարձությունները ցույց են տվել` ժամանակակից մարտահրավերները կարող են մեկ վայրկյանում փոխել մեր կյանքի բնականոն ընթացքը դեպի անցանկալի ուղղություն, եթե նախապես կանխարգելող քայլեր չձեռնարկվեն։
«Չկա մի երկիր, որը կարող է միայնակ դիմակայել գլոբալ մարտահրավերներին։ Դա շատ ակնառու կերպով ցույց տվեց կորոնավիրուսի համավարակը։ Մենք բոլորս բախվեցինք միևնույն մարտահրավերներին և ստիպված եղանք համատեղ ուժերով հաղթահարել համավարակի ու լոքդաունի հետևանքները։ Մենք սկսեցինք ավելի ընդլայնված կերպով օգտագործել թվային մեխանիզմները` հաղթահարելու համար ոչ միայն համավարակի հետևանքները, այլև կանխելու հնարավոր նմանատիպ ճգնաժամերն ապագայում»,– նշեց Փաշինյանը։
Նա շեշտեց, որ այս համատեքստում միջազգային և տարածաշրջանային համագործակցությունը չափազանց կարևոր է Հայաստանի թվային կայուն զարգացման համար։ ՀՀ կառավարությունը համագործակցում է միջկառավարական մակարդակում, մասնավոր ոլորտի և միջազգային կառույցների հետ` անհրաժեշտ թվային լուծումներ գտնելու համար։ Դրանցից մեկը ԵԱՏՄ–ի համար դարձավ «Ճամփորդի՛ր առանց քովիդ 19-ի» հավելվածը։ Դրա շնորհիվ միության անդամ երկրների քաղաքացիները կարողացան անարգել ճամփորդել միության տարածքում։
«5 միլիոն թեստ է հավելվածում ներբեռնվել, սա նշանակում է` 5 միլիոն ուղևորություն, իրականում սա մեծ թիվ է։ Դա հնարավոր դարձավ ՌԴ–ի և Հայաստանի ակտիվ փոխգործակցության շնորհիվ, որոնք գործարկեցին փորձնական ծրագիրը, ապա այն դարձավ ամբողջական ծրագիր` 9 երկրների ներգրավմամբ»– նշեց Փաշինյանը։
Նա առաջարկեց հենց այսօրվանից սկսել քննարկումները` հավելվածը հնարավորությունների ավելի մեծ ընդգրկումով օգտագործելու համար։
Արդեն կարելի է օգտվել «Աշխատանք ԵԱՏՄ-ում» հավելվածից․ Փաշինյանը մանրամասներ հայտնեց