««Մալաթիա» տոնավաճառը վաղն ամենայն հավանականությամբ կվերաբացվի». տնօրեն

Սամվել Մարտիրոսյան
Տոնավաճառի տնօրենի խոսքով` տեսաչկան մարմնի հանձանարարությունները պետք է 10 օրում արվեին, բայց իրենք ջանք չեն խնայել, որ 2 օրում ավարտեն։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 փետրվարի – Sputnik. «Մալաթիա» տոնավաճառը վաղն ամենայն հավանականությամբ կվերաբացվի։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց տոնավաճառի տնօրեն Սամվել Ավետիսյանը։
«Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը մեզ հանձնարարություններ էր տվել, մենք պետք է դա կատարեինք 10 օրում, բայց որպեսզի տոնավաճառը այդքան երկար փակ չմնա, մարդիկ չտուժեն, ես 100 բանվոր եմ բերել, նրանք աշխատում են, ու 10 օրվա փոխարեն կավարտենք գործը 2 օրում։ Իմ հաշվարկներով` այսօր գիշերը 3-ին»,– ասաց նա։
Տնօրենը նշեց, որ այս պահին փոխում են տոնավաճառի էլեկտրալարերը, ինչպես նաև որոշ սրահների առաստաղները, որոնք, ըստ տեսչական մարմնի, վտանգավոր են եղել։
«Իրենք ասել են` ավարտեք հանձնարարությունները` կարող եք աշխատել։ Հիմա 10 օրում կանեմ, թե 2, իմ խնդիրն է»,–ասաց նա։
Հարցին, թե վերաբացվելուց առաջ ՔՏՀԱ տեսչական մարմինն արդյոք չի ստուգելու կատարված աշխատանքը, Ավետիսյանը պատասխանեց. «Չէ՛, իրենք եկել են այսօր, նկարել են ամեն ինչ, ուղարկել են իրենց ղեկավարությանը։ Ես կատարել եմ իմ խոստումը ու կարող եմ աշխատել»։
Նա վստահեցրեց, որ մյուս թերությունները նույնպես կշտկվեն, բայց հստակ ժամկետ դժվարացավ նշել։
Հիշեցնենք՝ ՀՀ քաղաքաշինության, հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչական մարմինը որոշել էր «Մալաթիա» տոնավաճառի գործունեությունը փետրվարի 1-ից կասեցնել, քանի որ տնտեսվարողը արձանագրված 17 խախտումներից մի քանիսը չէր վերացրել։
Փետրվարի 1-ին տոնավաճառի աշխատակիցները բողոքի ակցիա էին արել` պահանջելով ժամանակ տալ տնօրինությանը թերությունները վերացնելու համար։ Հետո նրանք գնացել էին ԱԻՆ` պարզելու, թե ինչպես կարող են իրենց խնդրին լուծում տալ։
Նույն օրը կայացել էր ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գարեգին Խաչատրյանի, ՏՄ հրդեհային և տեխնիկական անվտանգության վարչության մասնագետների հանդիպումը «Մալաթիա» տոնավաճառի տնօրինության և այնտեղ գործունություն իրականացնող տնտեսավարող սուբյեկտների հետ։ Որոշվել էր, որ սեփականատերը` ՏՄ համապատասխան մասնագետների ներգրավմամբ, պետք է հստակ միջոցառումներ իրականացնի արձանագրված խնդիրների լուծման ուղղությամբ, որոնք կարող են սպառնալիք հանդիսանալ հրդեհների առաջացման, տարածման և մարդկանց անվտանգության համար։ Այդ միջոցառումներն իրականացնելուց հետո միայն կքննարկվեն տարածքում գործունեություն իրականացնելու արգելքը վերացնելու հարցը։