Կաշառք՝ տարկետում ստանալու համար. տղայի ծնողները և կեղծ տեղեկանք տվողը ձերբակալվել են

ԱՄՆ դոլար
ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության բժշկական հանձնաժողովի անդամն ու նրա ամուսինը նույնպես ձերբակալվել են։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 փետրվարի – Sputnik. Կաշառքի դիմաց զորակոչիկին պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից տարկետում տրամադրելու համար նրա ծնողներից կաշառք են վերցրել, 5 անձ է ձերբակալվել, հայտնում է Հակակոռուպցիոն կոմիտեն։
Մասնավորապես, տվյալներ են ձեռք բերվել, որ Ք. Ա.-ն և Ա.Պ.-ն իրենց որդուն՝ Ռ. Պ.-ին, բժշկական կեղծ ախտորոշումներով պարտադիր զինվորական ծառայությունից 3 տարով տարկետում տրամադրելու համար դիմել են ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության Երևանի տարածքային ստորաբաժանման բժշկական հանձնաժողովի անդամ Ք. Տ.-ին։ Նրանք նախնական համաձայնության են եկել այդ նպատակով վերջինիս կաշառք տալու հարցում։
«Հանձնաժողովի վերոհիշյալ պաշտոնատար անձը զորակոչման ենթակա տղային բժշկական կեղծ ախտորոշումներով 3 տարի ժամկետով տարկետում տրամադրելու գործընթացը կազմակերպելու համար, նրա մորից 2022-ի նոյեմբերի 23-ին պահանջել է 4500 դոլար կաշառք: Այնուհետև տղայի ծնողները, վերջինիս հորեղբայրը և հանձնաժողովի անդամ Ք. Տ.-ի ամուսնու օժանդակությամբ, կաշառքի գումարը 2022-ի նոյեմբերի 27-ին տվել են Ք. Տ.-ին»,–ասված է հաղորդագրության մեջ։
Զորակոչման ենթակա տղայի ծնողները և հորեղբայրը, հանձնաժողովի վերոհիշյալ պաշտոնատար անձն ու նրա ամուսինը ձերբակալվել են ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի քննիչի կողմից: