ԵՐԵՎԱՆ, 3 փետրվարի – Sputnik․ Հայաստանը երկրորդ տեղն է զբաղեցնում այն երկրների շարքում, որտեղ ռուսաստանցիները նախատեսում են մեկնել տոնական հանգստյան օրերին՝ փետրվարի 22-26-ը։ Այս մասին հայտնում են «Տուտու» տուրիստական ծառայության վերլուծաբանները։
Վերլուծաբանների տվյալներով՝ անկախ ճանապարհորդների մոտ արտասահմանյան ավիաչվերթներին բաժին է ընկնում պահանջարկի մոտ 14 տոկոսը։ Վարկանիշային ցուցակի առաջին տեղում Թուրքիան է, ուր մտադիր է մեկնել ճանապարհորդների 14,94 տոկոսը։ Երկկողմանի տոմսերի արժեքը միջինում կազմում է 36 հազար ռուբլի (մոտ 510 դոլար)։
«Երկրորդ տեղում Հայաստանն է, որտեղ մեկնելու համար ամրագրվում է տոմսերի 13,6 տոկոսը։ Միջինում երկկողմանի տոմսի գինը մոտավորապես 26,9 հազար ռուբլի է (մոտ 380 դոլար)»,- հայտնում են ծառայությունից։
Ուր են պատրաստվում մեկնել ՌԴ քաղաքացիները "երկար" հանգստյան օրերին՝ փետրվարի 22-ից 26-ը
© Sputnik / Shushanik Avdalyan
Պահանջված երկրների եռյակը եզրափակում է Ադրբեջանը։ Այնտեղ կուղևորվի ճանապարհորդների 11,3 տոկոսը։ Միջինում այս ուղղությամբ տոմսը կազմում է 30 հազար ռուբլի (մոտ 425 դոլար)։
Մերձավոր արտասահմանյան երկրներից ցուցակում ընդգրկվել են նաև Ուզբեկստանը, Ղազախստանը, Բելառուսը և Ղրզստանը։
Հիշեցնենք, որ 2022 թվականի տվյալներով Հայաստան է այցելել 1 մլն 670 հազար զբոսաշրջիկ, որոնցից 46 տոկոսը ժամանել է ՌԴ-ից։