ԵԱՏՄ-ի տեխնոլոգիական անկախության համար պետք է աջակցել հայթեք նախագծերին. Փաշինյան

Նման նախագծերի ֆինանսավորումը կօգնի արդյունաբերողների ջանքերը կենտրոնացնել մեքենաշինության, ռադիոէլեկտրոնիկայի, ինքնաթիռաշինության, դեղագործության և այլ ոլորտներում:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 փետրվարի – Sputnik. Եվրասիական տնտեսական միության տեխնոլոգիական անկախությունն ապահովելու համար անհրաժեշտ է արագացնել միության աջակցությունը բարձր տեխնոլոգիական ոլորտներին։ Այս մասին Ալմաթիում կայացած ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի ընդլայնված կազմով նիստում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նա նշել է, որ ԵԱՏՄ երկրների միջև արդյունաբերական համագործակցության նախագծերի ֆինանսական աջակցության վերաբերյալ ակտերի շուտափույթ ընդունումը թույլ կտա արդյունաբերողներին կենտրոնացնել իրենց ջանքերը մեքենաշինության, ռադիոէլեկտրոնիկայի, ինքնաթիռների արտադրության և դեղագործության վրա։ Վարչապետը հավելել է, որ դա առավել կարևոր է աշխարհում նոր տեխնոլոգիական կարգի անցնելու համատեքստում։
ԵԱՏՄ-ում ապրանքների փոխադրման արագացման համար պետք է զարգացնել թվային համակարգը. Սմաիլով
Փաշինյանի խոսքով` համաշխարհային միտումներից հետ չմնալու համար անհրաժեշտ է ստեղծել բարձր տեխնոլոգիաների ավելի հեռանկարային միտումների կանխատեսման համակարգ, այդ թվում ստեղծել առավել հասանելի տեխնոլոգիաների տվյալների բազա։
ՀՀ վարչապետն ընդգծել է, որ պարենային անվտանգության համար անհրաժեշտ է նաև միասնականտեղեկատվական համակարգ։ Ըստ Փաշինյանի` նման համակարգը թույլ կտա ավելի լավ օգտագործել առկա ռեսուրսները և զսպել պարենային ապրանքների գնաճը։
Փաշինյանը վստահ է, որ, ընդհանուր առմամբ, միության երկրների տեղեկատվական համակարգերը պետք է այնպես մշակվեն, որ ստեղծեն հուսալի թվային շրջանակ միության հիմնարար նպատակների՝ ապրանքների, ծառայությունների, կապիտալի և աշխատուժի ազատ տեղաշարժի համար։
ՀՀ վարչապետը ընդգծել է «Digital Almaty» ֆորումի կարևորությունը, որը տեղի է ունենում Միջկառավարական խորհրդի նիստին զուգահեռ։ Նա հավելել է, որ անհրաժեշտ է այս հարթակում կրկին քննարկել ԵԱՏՄ թվային վերափոխումը։
Հիշեցնենք` Ալմաթիում անցկացվում է Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստը։
ԵԱՏՄ կազմում ընդգրկված են Հայաստանը, Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը և Ղրղզստանը։