ԵՐԵՎԱՆ, 3 փետրվարի – Sputnik. ԱՄՆ-ն շուրջ 2,175 միլիարդ դոլար արժողությամբ ռազմական օգնության նոր փաթեթի շրջանակում մտադիր է երկու HAWK զենիթահրթիռային համալիր (ԶՀՀ), HIMARS համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի զինամթերք և այլ սպառազինություն մատակարարել Ուկրաինային: Տեղեկությունը հայտնում է Պենտագոնը։
Հրապարակված ցանկի համաձայն՝ ռազմական օգնության նոր փաթեթը ներառում է լրացուցիչ զինամթերք HIMARS ՀԿՌՀ-ի համար, լրացուցիչ 155 մմ հրետանային և 120 մմ ականանետային արկեր, 190 խոշոր տրամաչափի գնդացիրներ, 181 հակաականային պաշտպանությամբ մեքենաներ, 250 Javelin հակատանկային համալիրներ, 2 հազար հակատանկային հրթիռներ և ցուրտ եղանակի համար նախատեսված հանդերձանք։
Բացի այդ, ԱՄՆ-ն Ուկրաինա կուղարկի երկու HAWK զենիթահրթիռային համալիր, զենիթային զինամթերք, ՀՕՊ համակարգերի սպասարկման սարքավորումներ, օդային հսկողության ռադարներ, Puma անօդաչու թռչող սարքեր, բարձր ճշգրտության հրթիռներ և այլ սարքավորումներ:
Ռուսաստանն ավելի վաղ ՆԱՏՕ-ի երկրներին բողոքի նոտա էր հղել Ուկրաինային ռազմամթերք մատակարարելու համար։ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը նշել էր, որ ցանկացած բեռ, որն Ուկրաինայի համար ռազմամթերք կպարունակի, Ռուսաստանի համար օրինական թիրախ կդառնա։ ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչությունում հայտարարել էին, որ ՆԱՏՕ-ի երկրները, Ուկրաինային ռազմամթերք մատակարարելով, կրակի հետ են խաղում։ ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովն ընդգծել էր, որ Արևմուտքի կողմից Ուկրաինային զենք տրամադրելը չի նպաստում ռուս-ուկրաինական բանակցությունների հաջողությանը և բացասական ազդեցություն է թողնում։