ԵՐԵՎԱՆ, 3 փետրվարի – Sputnik. ԱՄՆ-ի երկնքում նկատված օդապարիկը քամու պատճառով է շեղվել երթուղուց: Այս հայտարարությունն արել է Չինաստանի արտգործնախարարությունը։
«Չինաստանը ցավում է, որ օդապարիկն անհաղթահարելի ուժի հանգամանքների պատճառով սխալմամբ հայտնվել է ԱՄՆ–ի տարածքում»,- նշել է ԱԳՆ-ն:
Գերատեսչությունը մանրամասնել է` օդապարիկը երթուղուց լրջորեն շեղվել է քամու ու ինքնակառավարման սահմանափակ հնարավորությունների պատճառով:
«Չինաստանը կշարունակի շփումների միջոցով պատշաճ կերպով կարգավորել ֆորսմաժորային հանգամանքներով պայմանավորված այս միջադեպը», - շեշտել է գերատեսչությունը։
Ավելի վաղ Պենտագոնի ներկայացուցիչը հայտնել էր, որ ԱՄՆ-ի երկնքում հետախուզական օդապարիկ է հայտնվել, զինվորականները կարծում են, որ այն պատկանում է Չինաստանին, իրավիճակի մասին տեղեկացրել են նախագահ Ջո Բայդենին, Վաշինգտոնը նաև կապ է հաստատել Պեկինի հետ։
Միևնույն ժամանակ Վաշինգտոնում հայտարարել էին, որ օդապարիկը հսկողության տակ են առել այն պահից, երբ մի քանի օր առաջ մտել է ԱՄՆ օդային տարածք, և հետևում են ռազմական ավիացիայի միջոցով: ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը Ֆիլիպիններ կատարած այցի ժամանակ Պենտագոնի բարձրաստիճան պաշտոնյաներին հանդիպման է հրավիրել՝ քննարկելու օդապարիկի հետ կապված միջադեպը: Պաշտոնյան ասել է, որ ռազմական հրամանատարությունը քննարկել է Մոնտանայի վրայով օդապարիկը խոցելու հնարավորությունը, բայց ի վերջո որոշել են այդ քայլին չգնալ, քանի որ բեկորները կարող են ընկնել մարդկանց վրա։