ԵՐԵՎԱՆ, 2 փետրվարի – Sputnik. Վոլգայի ճակատամարտում վճռվել է նաև Կովկասի ճակատագիրը։ Ստալինգրադի ճակատամարտում հաղթանակը կասեցրեց Գերմանիայի դաշնակից Թուրքիայի՝ Խորհրդային Հայաստանի վրա հարձակվելու ծրագրերը։ ՀՀ–ում ՌԴ դեսպանատունը Ստալինգրադի ճակատամարտում հաղթանակի 80-ամյակի առթիվ հաղորդագրության է տարածել։
«Միութենական բոլոր հանրապետությունների ժողովուրդների ներկայացուցիչների հետ ուս ուսի կռվելով՝ հայ զինվորները նույնպես իրենց նշանակալից ներդրումն ունեցան այս` առանց չափազանցության, պատմական հաղթանակում։ Ըստ պատմիչների՝ Վոլգայի հենակետում կռվել է ավելի քան 30000 հայ, որոնցից 10000-ը իրենց կյանքը տվել են մարտերում»,– ասված է հաղորդագրության մեջ։
Ընդգծվում է, որ Հայաստանում ձևավորված հրաձգային դիվիզիաներն իրենց ներդրումն են ունեցել նացիստական զավթիչների ջախջախման հարցում։ Հայերն ակտիվ մասնակցություն են ունեցել քաղաքի հերոսական պաշտպանությանը՝ զինվորների հետ միասին պաշտպանելով փողոցներն ու տները։
Հիշեցնենք` ուղիղ 80 տարի առաջ՝ 1943 թվականի փետրվարի 2-ին, ավարտվեց Ստալինգրադի ճակատամարտը։
200 օր ու գիշեր Դոնի և Վոլգայի ափերին, իսկ հետո Ստալինգրադի մերձակայքում մարտեր մղվեցին։
Սա Հայրենական մեծ պատերազմի պատմության ամենարյունալի մարտերից մեկն էր։
Խորհրդային զորքի հաղթանակը ամբողջովին փոխեց Հայրենական մեծ պատերազմի ընթացքը։