ԵՐԵՎԱՆ, 2 փետրվարի – Sputnik. Նորվեգիայի դեսպանին հրավիրել են Թուրքիայի արտգործնախարարություն և բողոք հայտնել նրան Ղուրանի պղծման ակցիայի կապակցությամբ, որը նախատեսված է փետրվարի 3-ին: Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով ԱԳՆ–ի իր աղբյուրին։
«Մենք ընդգծել ենք, որ ամենավճռական կերպով դատապարտում ենք Նորվեգիայի վերաբերմունքն այն սադրիչ գործողությունների կասեցմանը, որոնք ակնհայտորեն ատելության հողի վրա կատարված հանցագործություններ են։ Ակնկալում ենք, որ Նորվեգիայի իշխանությունները թույլ չեն տա անցկացնել այդ ակցիան, նման գործողություններն անընդունելի են»,- ասել է աղբյուրը։
Ավելի վաղ Դանիայի «Կոշտ կուրս» ծայրահեղական աջ կուսակցության առաջնորդ Ռասմուս Պալուդանը թույլտվություն էր ստացել և Ստոկհոլմում Թուրքիայի դեսպանատան մոտ Ղուրանի այրման ակցիա էր անցկացրել: Դրանից հետո թուրքական իշխանությունները հայտարարել էին, որ ներկա փուլում չեն պատրաստվում հավանություն տալ Շվեդիայի` ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտին։