Շուրջ 94 մլն դրամի պակասորդ է արձանագրվել․ զինդատախազությունը ստուգումներ է արել ԶՈւ-ում

ՀՀ գլխավոր դատախազություն. Արխիվային լուսանկար
Զինվորական դատախազության իրականացրած միջոցառումներից հետո ՀՀ ՔԿ-ում նախաձեռնվել է 5 քրեական վարույթ:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 փետրվարի – Sputnik․ ՀՀ զինվորական դատախազությունը ՀՀ Զինված ուժերի ինժեներական զորքերի վարչության կենտրոնական ինժեներական պահեստում ուսումնասիրություններ է անցկացրել, ինչի արդյունքում խոշոր չափերի խախտումներ են արձանագրվել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ դատախազության մամուլի ծառայությունը։
Ուսումնասիրություններն իրականացվել են 2022 թվականի նոյեմբերի 2-ից մինչև 2023 թվականի հունվարի 12-ը։
«Ընդհանուր առմամբ կատարվել են արտահերթ գույքագրումներ, ստուգվել է նյութական միջոցների ստացման, հաշվառման և հատկացման գործընթացների օրինականությունը և հիմնավորվածությունը, ստուգվել է ՀՀ ԶՈւ կարիքների համար մատակարարված նյութական միջոցների որակական ցուցանիշների համապատասխանությունը գնման պայմանագրերի տեխնիկական բնութագրերով սահմանված պահանջներին»,- ասված է հաղորդագրությունում։
Իրականացված համալիր ուսումնասիրությունների արդյունքում արձանագրվել է 93 մլն 723 հազար 544 դրամի պակասորդ և 4 մլն 355 հազար 725 դրամի ավելցուկ։ Ձեռնարկված միջոցառումների ընթացքում հայտնաբերվել են պայմանագրերի տեխնիկական բնութագրերով սահմանված պահանջներին չհամապատասխանող 198 մլն 590 հազար 916 դրամ ընդհանուր արժեքով նյութական միջոցներ, այդ թվում` ինժեներական տեխնիկաների պահեստամասեր:
ՀՀ զինդատախազության իրականացրած վերոնշյալ ուսումնասիրությունների արդյունքներով՝ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչություն ներկայացված հաղորդումների հիման վրա նախաձեռնվել է 5 քրեական վարույթ: