Հայաստանի բռնցքամարտի առաջնությունում այսօր ռինգ դուրս եկան կանայք։ Մրցաշարին մասնակցում է 14 կին մարզիկ։ Այս տարի ֆավորիտներ են համարվում Եվրոպայի չեմպիոն Անի Հովսեփյանը, աշխարհի երիտասարդների չեմպիոն Անուշ Գրիգորյանը և էլի մի քանի տիտղոսակիր մարզիկներ։
Եզրափակիչները տեղի կունենան փետրվարի 4-ին։ Առաջնության արդյունքներով կձևավորվեն Հայաստանի տղամարդկանց և կանանց բռնցքամարտի հավաքականները։ Ուժեղագույն մարզիկները կմասնակցեն աշխարհի առաջնություններին։ Բռնցքամարտի կանանց աշխարհի առաջնությունը տեղի կունենա մարտին Հնդկաստանում, իսկ տղամարդկանց աշխարհի առաջնությունը` մայիսին Ուզբեկստանի Տաշկենդ քաղաքում։
Չնայած մրցաշարին չեն մասնակցում, բայց տղամարդկանց հավաքականում իրենց տեղն արդեն ունեն օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Հովյաննես Բաչկովն ու Եվրոպայի փոխչեմպիոն Նարեկ Մանասյանը։
Հիշեցնենք, որ Հայաստանի բռնցքամարտի առաջնությունը մեկնարկել է հունվարի 31-ին «Դինամո» մարզադահլիճում:
Մրցաշարին մասնակցում է 95 տղամարդ և 14 կին մարզիկ: Ի դեպ, տղամարդկանց մասնակցության քանակով այս տարվա առաջնությունը ռեկորդային է։
Մարզիկները ներկայացված են 13 քաշային կարգերում։