ՌԴ–ն կողմ է Անդրկովկասում տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակմանը. Միշուստին

Միխայիլ Միշուստինն ու Նիկոլ Փաշինյանը
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 փետրվարի – Sputnik. Ռուսաստանը կողմ է Անդրկովկասում տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակմանը: Այս հայտարարությունն արել է ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը Ալմաթիում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը։

«Մենք ավանդաբար հանդես ենք գալիս Անդրկովկասում տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման օգտին, կարևոր ենք համարում այն պայմանավորվածությունների կատարումը, որոնք ձեռք են բերվել Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների կողմից», - ասել է Ռուսաստանի վարչապետը։

Նա նշել է, որ նոր տրանսպորտային, ենթակառուցվածքային երթուղիների ստեղծումը համապատասխանում է տարածաշրջանի բոլոր պետությունների շահերին:
Փաշինյանը ուշադրություն է հրավիրել Լաչինի միջանցքի խնդրին՝ նշելով, որ Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամ է զարգանում։
Միաժամանակ նա ընդգծել է, որ Ռուսաստանի Դաշնությունը Հայաստանի Հանրապետության համար առանցքային գործընկեր է անվտանգության ոլորտում:
Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր մեկնել է Ղազախստան` Ալմաթի քաղաքում մասնակցելու Եվրասիական միջկառավարական խորհրդի նեղ կազմով նիստին: