ԵՐԵՎԱՆ, 2 փետրվարի – Sputnik․ ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը Եվրասիական տնտեսական միության երկրներին կոչ է արել շարունակել ընդհանուր էներգետիկ շուկաների ստեղծման գործընթացը և նվազեցնել տնտեսական ռիսկերը, որոնք առաջանում են ոչ բարեկամական երկրների արժույթների գործածման դեպքում։
Եվրասիական միջկառավարական խորհրդում ելույթ ունենալիս Միշուստինը, նախանշելով Ռուսաստանի նախագահության առաջնահերթությունները, խոսել է թվային փոխակերպման ոլորտում միության երկրների փոխգործակցության ակտիվացման անհրաժեշտության մասին։
«Պակաս կարևոր չէ պարենային անվտանգության ոլորտում միասնական քաղաքականություն վարելը։ Պետք է շարունակել համատեղ որոշումներ կայացնել ընդհանուր էներգետիկ շուկաների ստեղծման վերաբերյալ։ Միասին մենք պետք է նվազեցնենք տնտեսական ռիսկերը, բարելավենք գործարար միջավայրը»,- ասել է Միշուստինը։
Նա ընդգծել է, որ միության ընդհանուր շուկայում պետք է պայմաններ ապահովվեն նոր բարձր տեխնոլոգիական ձեռնարկությունների գործարկման, արտադրական գործընթացներում ժամանակակից լուծումների ներդրման համար։
Հիշեցնենք` 2023 թվականի փետրվարի 2-3-ը Ալմաթիում կկայանա Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստը։
Բացի ԵԱՏՄ երկրների կառավարությունների ղեկավարներից և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահից, հրավիրված են նաև ԵԱՏՄ-ին կից դիտորդ պետությունների ներկայացուցիչները, ԱՊՀ գլխավոր քարտուղարը և Եվրասիական զարգացման բանկի ու Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի ղեկավարները:
Միջկառավարական խորհրդի նիստի օրակարգում ներառված են առևտրատնտեսական համագործակցության, տեխնիկական կարգավորման, ԵԱՏՄ ինտեգրված տեղեկատվական համակարգի հարցերի լայն շրջանակ և այլ արդիական թեմաներ:
Փետրվարի 3-ին ԵԱՏՄ երկրների վարչապետները կմասնակցեն «Digital Almaty» ամենամյա համաժողովի լիագումար նստաշրջանին: Ավանդաբար ֆորումի աշխատանքներին մասնակցում են ականավոր քաղաքական և հասարակական գործիչներ, խոշոր ընկերությունների ղեկավարներ, ՏՏ բիզնեսի առաջնորդներ և թվային ոլորտի փորձագետներ։
ԵԱՏՄ կազմում ընդգրկված են Հայաստանը, Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը և Ղրղզստանը։