ՌԱԴԻՈ

ՄԱ՞Կ, թե՞ ՀԱՊԿ առաքելություն` որն ինչ կտա Հայաստանին. միջազգայնագետի դիտարկումները

ԵՊՀ միջազգային հարաբերությունների և դիվանագիտության ամբիոնի դոցենտ Գրիգոր Բալասանյանը Sputnik Արմենիայի եթերում համադրել է Ռուսաստանի և Արևմուտքի գործողություններն ու ցանկությունները Հայաստանում և ՀՀ–ի նկատմամբ։ Նա խոսել է նաև Լավրովի հայտարարության մասին։
Sputnik
Միջազգայնագետ Գրիգոր Բալասանյանը կարծում է, որ Հայաստանը ՀԱՊԿ-ին չի դիմելու սահմանին խաղաղապահ ուժեր տեղակայելու խնդրանքով, որովհետև դա կարծես չի տեղավորվում ՀՀ-ի ամերիկյան ու եվրոպական գործընկերների քայլերի տրամաբանության ու ցանկության մեջ։
Հայաստանում ՀԱՊԿ առաքելությունը տեղակայելու Ռուսաստանի առաջարկը դեռևս արդիական է, և եթե Հայաստանը նախկինի պես հետաքրքրված է, առաքելությունը կարող է տեղակայվել մեկ-երկու օրվա ընթացքում։ Այս հայտարարությունն այսօր արել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը «Ռոսիա 24»–ին և ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում:
Sputnik Արմենիայի հետ զրույցում Գրիգոր Բալասանյանը նշում է, որ Արևմուտքի նպատակը Հայաստանում հակառուսական տրամադրությունների գեներացումն է` ցույց տալու համար, որ Ռուսաստանը Հայաստանին չօգնեց։
«Այստեղ հարց է առաջանում` եթե ՀԱՊԿ-ին չենք դիմում, բայց Արևմուտքի երկրներն էլ չեն դատապարտել Հայաստանի նկատմամբ ագրեսիա իրականացրած Ադրբեջանի գործողությունները, նույնիսկ քաղաքական գնահատական չեն տվել։ Մի՞թե ԵՄ–ն քաղաքական գնահատական է հնչեցրել, որ պատրաստվում է երկամյա ժամկետով խաղաղապահ դիտորդական առաքելություն տեղակայել ՀՀ ողջ տարածքում։ Եթե մեր իշխանությունն ուզում է լինել սկզբունքային, ապա պետք է այդպիսին լինի ամեն ինչում։ Մեր կառավարությունը նույն պատճառաբանությամբ պետք է մերժեր նաև եվրոպական գործընկերներին, ինչպես արդեն վարվել էր ՀԱՊԿ–ի պարագայում»,– ասաց Բալասանյանը։
Նրա կարծիքով` ԵՄ–ն գազի պայմանագիր ունի Ադրբեջանի հետ, այսինքն`շահագրգիռ կողմ է և Ադրբեջանին այժմ դիտարկում է որպես էներգետիկ գործընկեր, իսկ ՌԴ արտգործնախարարն իր հերթին նոր բան չի ասել, այլ ուղղակի վերահաստատել է այն, ինչ նախկինում ասել է մի քանի անգամ։ Բալասանյանի դիտարկմամբ` պետք է պարզ ու շիտակ լինել դաշնակիցների հանդեպ ու մինչև վերջ մնալ սկզբունքային։
Անդրադառնալով այն հարցին, որ ՀՀ իշխանությունները ցանկություն են հայտնել, որպեսզի տարածաշրջանում ՄԱԿ–ի խաղաղապահ ուժեր տեղակայվեն, իսկ Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ ՀԱՊԿ-ը կկարողանա առանց ՄԱԿ-ի ԱԽ թույլտվության զորակազմ մտցնել անդամ, Բալասանյանն ընդգծեց` ՄԱԿ–ի մանդատը հեղհեղուկ գործոն է, ինչպես արդեն ցույց է տվել միջազգային փորձը։
«Երբ ՆԱՏՕ-ն ռմբակոծում էր Հարավսլավիայի տարածքը, նրան ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի որոշում պետք չէր, երբ Հյուսիսատլանտյան դաշինքը զորակազմ էր մտցնում Հարավսլավիա, կրկին ՄԱԿ–ի ԱԽ որոշում կայացնելու կարիք չկար։ Հիմա ինչո՞ւ ենք մենք կառչում միջազգային իրավունքից և առաջնորդվում տառացիորեն այդ իրավունքին համապատասխան։ Մենք միջազգային իրավունք խաղալու ժամանակ չունենք, առավել ևս, որ մեր դաշնակից Ռուսաստանը պատրաստ է ուղղակիորեն Հայաստան մտցնել զորակազմ։ Ի՞նչ կարիք կա դիմելու ՄԱԿ–ին, եթե մեր դաշնակիցը պատրաստ է ամեն ինչ անել իր ուժերով»,– ասաց մեր զրուցակիցը։
Բալասանյանի կարծիքով` Հայաստանն Արևմուտքից ստանում է միայն քաղցր խոստումներ, լայն ժպիտներ ու դատարկ խոսակցություններ, ուրիշ ոչինչ։ Հայաստանի հետ հարաբերվելիս` Արևմուտքը չի աշխատում մեզ համար նոր անվտանգային համակարգ ձևավորելու կամ եղածը կատարելագործելու ուղղությամբ։ Ըստ նրա` եվրոպացիների ցանկությունը հակառուսական Հայաստան ունենալն է, ինչպես եղավ Ուկրաինայի դեպքում։
Հիշեցնենք` 2022 թվականի նոյեմբերի 23-ին Երևանում կայացած ՀԱՊԿ գագաթնաժողովում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ չի ստորագրել «ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի հռչակագրի և Հայաստանի Հանրապետությանը օժանդակություն ցուցաբերելու համատեղ միջոցառումների մասին» նախագիծը, քանի որ այն բավականաչափ վերջնական տեսքի չի բերվել։ ՀԱՊԿ-ի այն ժամանակվա գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասն ավելի ուշ ասաց, որ կազմակերպության կողմից որպես օգնություն Հայաստանին առաջարկվել են և՛ քաղաքական-դիվանագիտական, և՛ ռազմական միջոցառումներ, այդ թվում՝ առաքելության ուղարկում հայ-ադրբեջանական սահման (որտեղ սեպտեմբերի 13-ին Ադրբեջանը լայնածավալ ագրեսիա էր սկսել ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ. խմբ.)։