ԿԽՄԿ աջակցությամբ հունվարին 95 մարդ է Արցախից տեղափոխվել Հայաստան

Արխիվային լուսանկար
ԿԽՄԿ-ն Լաչինի միջանցքով իրականացրել է 19 բժշկական տարհանում, Հայաստան է տեղափոխվել 66 հիվանդ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 փետրվարի – Sputnik. Հունվար ամսվա ընթացքում 95 քաղաքացի Կարմիր խաչի միջազգային կոմիտեի աջակցությամբ Արցախից տեղափոխվել է Հայաստան։ Տեղեկությունը հայտնում է ԿԽՄԿ մամուլի ծառայությունը։
Կոմիտեն հայտնում է նաև, որ 2022 թվականի դեկտեմբերի 19-ից, որպես մարդասիրական չեզոք միջնորդ, ԿԽՄԿ-ն Լաչինի միջանցքով իրականացրել է 19 բժշկական տարհանում՝ ապահովելով հրատապ բժշկական օգնության կարիք ունեցող 66 հիվանդների և նրանց ուղեկցող անձանց անվտանգ տեղափոխումը Հայաստան։
ԿԽՄԿ թիմն այս ընթացքում բուժհաստատություններին հասցրել է դեղորայք, մանկական կաթնախառնուրդ և սնունդ։
«Հունվարի 6-ին սնունդ և հիգիենայի պարագաներ ենք բաժանել ութ հիվանդանոցների, վերականգնողական կենտրոնի, ավելի քան 300 անապահով տարեցների խնամքի հաստատությանը և սոցիալապես անապահով ընտանիքների երեխաներին աջակցող կենտրոնին։Հունվարի 30-ին սկսել ենք սննդի և հիգիենայի փաթեթներ բաժանել կարիքի մեջ գտնվող հղիներին»,– ասված է հաղորդագրությունում:
Նշվում է, որ ընտանիքների վերամիավորումը կատարվում է ընտանիքի անդամների դիմումների հիման վրա՝ կողմերի համաձայնությամբ։
Հիշեցնենք` 2022 թ. դեկտեմբերի 12-ի առավոտյան Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։
Դեկտեմբերի 13-ից սկսած` ադրբեջանական կողմը ժամանակ առ ժամանակ անջատում է Արցախի գազամատակարարումը։
Հունվարի 9-ից ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող տարածքից անջատվել է նաև Հայաստանից դեպի Արցախ էներգասնուցումը: Ադրբեջանական կողմը հնարավորություն չի տալիս, որ մասնագետները մոտենան և հասկանան պատճառները՝ անհրաժեշտության դեպքում վթարավերականգնողական աշխատանքներ իրականացնելու համար: Արցախում էլենտրաէներգիայի մատակարարումն իրականացվում է հովհարային անջատումներով։
Լաչինի միջանցքը շարունակում է փակ մնալ։