Խաղաղապահների վերաբերյալ ՀԱՊԿ-ի բազայում փոփոխություններ են մշակվում. Զայնետդինով

Այժմ ՀԱՊԿ խաղաղապահ գործողությունների անցկացումը կանոնակարգվում է 2007 թվականի հոկտեմբերի 6-ի կազմակերպության խաղաղապահ գործունեության մասին համաձայնագրով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 փետրվարի – Sputnik. ՀԱՊԿ-ը խաղաղապահ գործողություններին մասնակցելու վերաբերյալ իրավական նոր հիմքեր է մշակում։ Ըստ կազմակերպության տարածած հաղորդագրության` այս մասին հայտնել է ՀԱՊԿ մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովը։
«ՀԱՊԿ հավաքական խաղաղապահ ուժերի ներգրավման իրավական հիմքերի փոփոխման վերաբերյալ առաջարկներ ստանալու դեպքում դրանք կհամաձայնեցվեն անդամ պետությունների հետ», – ասել է Զայնետդինովը։
Այժմ ՀԱՊԿ խաղաղապահ գործողությունների անցկացումը կանոնակարգվում է 2007 թվականի հոկտեմբերի 6-ի կազմակերպության խաղաղապահ գործունեության մասին համաձայնագրով։
Վերոնշյալ համաձայնագրի 3-րդ հոդվածի համաձայն` ՀԱՊԿ անդամ պետություններից մեկի տարածքում խաղաղապահ գործողությունների մասին որոշում է կայացնում ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհուրդը տվյալ երկրի պաշտոնական դիմումի հիման վրա ՄԱԿ–ի ԱԽ–ին անհապաղ իրազեկմամբ։ Զայնետդինովը պարզաբանել է, որ ՀԱՊԿ անդամ չհանդիսացող պետության տարածքում ՀԱՊԿ խաղաղապահ գործողությունների վերաբերյալ որոշում է կայացվում ՄԱԿ–ի ԱԽ որոշման հիման վրա։
Նա հայտնել է, որ այս պահին վավերացում է անցնում այս համաձայնագրում փոփոխություններ կատարելու վերաբերյալ 2021 թվականի սեպտեմբերի 16-ի արձանագրությունը, որը նախատեսում է խաղաղապահության ոլորտում ՀԱՊԿ-ի անունից ՄԱԿ–ի հետ փոխգործակցելու համար համակարգող պետության որոշման կարգը (վավերացրել է Բելառուսը, Ռուսաստանն ու Տաջիկստանը)։
ՀԱՊԿ-ի կազմում են Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ռուսաստանը, Տաջիկստանը։