ՀՀ-ում թոշակի անցնելը հնարավոր կլինի հետաձգել. նախարարը` առաջիկա փոփոխությունների մասին

Նարեկ Մկրտչյան
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում ներկայացրել է Աշխատանքային օրենսգրքում կառավարության նախաձեռնած առանցքային փոփոխությունները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 փետրվարի – Sputnik. ՀՀ Աշխատանքային օրենսգրքում կառավարության առաջարկած լայնածավալ փոփոխությունները շահավետ են ինչպես աշխատողների, այնպես էլ գործատուների համար։ Sputnik Արմենիային տված հարցազրույցում նման տեսակետ հայտնեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը` ներկայացնելով Աշխատանքային օրենսգրքի հիմնական կետերը։
Կենսաթոշակը աշխատանքային պայմանագիրը լուծարելու հիմք չէ
Կենսաթոշակային տարիքի լրանալը աշխատանքային պայմանագրի լուծարման հիմք չի կարող լինել։ Նախարար Մկրտչյանի խոսքով` կենսաթոշակային տարիքը լրացած աշխատողին Աշխատանքային բարեփոխված օրենսգրքով իրավունք կտրվի աշխատել այնքան, քանի դեռ կարող է բարիք ստեղծել։
«Եթե մարդը հասել է աշխատանքային կենսաթոշակային տարիքի, բայց դեռ ունակ է աշխատելու և բարիք ստեղծելու, ապա թող աշխատի ու ստեղծի։ Մենք պետք է հնարավորություն տանք կենսաթոշակային տարիքի հասած մարդկանց կամ տարեց պրոֆեսիոնալներին տնտեսապես ակտիվ մնալ, շարունակել հասարակության մեջ արժեք ստեղծել, և իրենք, իրենց համար սոցիալ–հոգեբանական խնդիրներ չստեղծելով, սոցիալական ծանրաբեռնվածություն չստեղծեն նաև պետության համար»,– ասաց նախարարը։
Ընդ որում` օրենսդրական փոփոխությունների ընդունումից հետո կենսաթոշակային տարիքի անձը, եթե շարունակի աշխատել, միաժամանակ և՛ աշխատավարձ, և՛ կենսաթոշակ է ստանալու։
Նարեկ Մկրտչյանը նաև հայտնեց, որ կառավարությունն այժմ մեկ այլ իրավական կարգավորում է մշակում, որով թոշակառուին իրավունք կտրվի կենսաթոշակ ստանալ ոչ թե կենսաթոշակային տարիքը լրանալուն պես, այլ ավելի ուշ։
«Աշխատող կենսաթոշակառուներին իրենց կենսաթոշակի վճարումը կամավոր հետաձգելու հնարավորություն ենք տալու` հետո ավելի բարձր կենսաթոշակ ստանալու ակնկալիքով։ Օրինակ` կենսաթոշակառուն ասում է` ես 2 տարի հետաձգում եմ իմ կենսաթոշակը, որովհետև աշխատում եմ ու 300 000 դրամ աշխատավարձ եմ ստանում։ Ավելի լավ է` սա հետագայում բաշխվի, ու երկու տարի հետո ես ավելի բարձր կենսաթոշակ ստանամ» ,– պարզաբանեց նախարարը` հավելելով, որ կենսաթոշակի հետաձգման իրավունքին վերաբերող նոր նախագիծը նախատեսվում է ընդունել մինչև 2023թ–ի ավարտը։
Աշխատողին արձակուրդ չտրամադրած գործատուն ստիպված կլինի նրան գումար վճարել
Աշխատանքային օրենսգրքի նախագծով ամենամյա աշխատանքային արձակուրդը սահմանվում է որպես պարտադիր։ Նարեկ Մկրտչյանը նշեց, որ եթե գործատուն աշխատողին արձակուրդ չի տրամադրում, ապա նոր օրենքով գործատուից կարող է տուժանք գանձվել հօգուտ աշխատողի։
Աշխատանքային օրենսգրքի հոդվածների գրեթե կեսը կփոխվի. ի՞նչ է նախատեսվում
Բայց օրենքի փոփոխությունը միայն աշխատողի շահերը չէ, որ պաշտպանում է։ Նախարարի խոսքով` արձակուրդին վերաբերող փոփոխություններից նաև գործատուն է շահում։
«Սա նաև գործատուներին է օգնելու, որովհետև աշխատանքային գրաֆիկը ճիշտ պլանավորելու հնարավորություն է տալու գործատուին։ Օրինակ` եթե աշխատողը 2.5 տարի արձակուրդ չի վերցնում, ապա գործատուն իրավունք ունի իր որոշմամբ աշխատողին արձակուրդ տրամադրել` առանց նրա դիմումի»,– ասաց Մկրտչյանը։
Պաշտոնյայի խոսքով` արձակուրդի իրավունքի չարաշահման դեպքեր այսօր հանդիպում են նաև պետական համակարգում։
«Փորձում ես այդ մարդկանց տեսնել նախարարությունում, մեկ էլ պարզվում է, որ նրանք կուտակած արձակուրդ ունեն ու որոշել են այդ իրավունքն իրացնել», – ասաց նա։
Քիչ չեն դեպքերը, երբ աշխատողները չիրացված արձակուրդ են կուտակում նաև աշխատանքից ազատվելուց առաջ` կլորիկ վերջնահաշվարկ ստանալու նպատակով։
Աշխատող երեխան դպրոց գնալու ժամանակ կունենա
Աշխատանքային իրավունքի նոր կարգավորումներում չի շրջանցվել նաև աշխատող անչափահասների խնդիրը։
Նոր իրավակարգավորումներով նրանց համար աշխատանքային ժամ է սահմանվել դպրոցի դասաժամերից հետո ընկած ժամանակահատվածը։ Նախարարի խոսքով` այս կարգավորումը թույլ կտա, որ կրթության իրավունքը չստորադասվի աշխատելու իրավունքին։
Նշենք, որ Հայաստանում որոշակ սահմանափակումներով թույլատրվում է աշխատել 14 տարեկանից սկսած։ Նման երեխաների թվի մասին հարցին սոցապնախարարն այսպես պատասխանեց. «Վիճակագրություն հիմա ձեռքիս տակ չկա։ Բայց, բնականաբար, եթե մենք նման օրենսդրական փոփոխության ենք գնացել, ապա այս խնդրին բախվել ենք»։
Հայաստանի ժողովրդագրության ռազմավարությունը կներկայացվի 2023թ. փետրվարին
Նախագծում չեն շրջանցվել նաև երեխա խնամող մայրերի իրավունքները։ Եթե գործող օրենքով երեխայի հետծննդյան խնամքի արձակուրդը նախատեսվում է մինչև երեխայի 1 տարին լրանալը, ապա առաջարկվող նախագծով աշխատող ծնողին իրավունք է վերապահվելու աշխատանքային ժամերը կրճատել մինչև երեխայի 2 տարեկան դառնալը։
Աշխատանքային օրենսգրքի նախագիծը արտոնություններ է սահմանում նաև հաշմանդամություն ունեցող, ռազմական գործողությունների ժամանակ զոհված, անհետ կորած անձանց ընտանիքի անդամների համար։ Նման կարգավիճակ ունեցող անձինք օրենքով պաշտպանված կլինեն աշխատողների թվակազմի կրճատման ու աշխատանքից ազատման այլ դեպքերից։
Նշենք, որ կառավարության ներկայացրած փոփոխությունների նախագծով նախատեսվում է փոփոխել ու լրացնել գործող օրենսգրքի 266 հոդվածներից 122–ը։ Նախագիծը հունվարի 19-ին արժանացել է ՀՀ կառավարության հավանությանն ու առաջիկայում կքննարկվի խորհրդարանում։
Sputnik Արմենիային տված հարցազրույցում Նարեկ Մկրտչյանը ներկայացրել է նաև անձի ֆունկցիոնալության գնահատման նոր համակարգի մանրամասները, անդրադարձել է Հայաստանում խնամատար ընտանիքների ինստիտուտի կայացման ընթացքին, ձեռքբերումներին ու դեռևս առկա խնդիրներին։