ԵՐԵՎԱՆ, 2 փետրվարի – Sputnik. Իրեն վստահված գույքը հափշտակելու համար Ազգային անվտանգության քննչական դեպարտամենտում մեղադրանք է ներկայացվել ՀԱԷԿ–ի նախկին գլխավոր տնօրեն Գագիկ Մարկոսյանին։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը։
«2002-2014 թվականներին «Հայկական ատոմային էլեկտրական կայան» ՓԲԸ-ի գլխավոր տնօրենի պաշտոնը զբաղեցրած Գ.Մ.-ն իրեն վստահված միջոցներից վատնման եղանակով հափշտակել է առանձապես խոշոր չափերի՝ 1 մլն 27 հազար 470,9 ԱՄՆ դոլար (383 մլն 883 հազար 678 դրամ)»,–ասվում է հաղորդագրության մեջ:
Ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում ձեռք են բերվել բավարար փաստեր այն մասին, որ Գ.Մ.-ն, պաշտոնեական դիրքն օգտագործելով, համապատասխան միջոցներ չի ձեռնարկել ռեակտորի միջանկյալ մետաղաձողերի արտադրությամբ կամ վաճառքով զբաղվող ընկերություններից գնային առաջարկներ ստանալու համար։
Փոխարենը նա 2011 թվականին մրցույթի միակ մասնակից ՌԴ «ՆովէներգոՊրոմ» ՓԲ ընկերությունից շուկայականից անհամեմատ թանկ՝ 33 մլն 544 հազար 438,20 ռուբլի արժեքով ձեռք է բերել ոչ ամբողջական լրակազմով 14 հատ միջանկյալ մետաղաձողեր:
Դրանք, սակայն, չեն շահագործվել և տևական ժամանակ պահվել են կենտրոնական պահեստում՝ սպառելով շահագործման համար նախատեսված պիտանելիության ժամկետները:
2015 թվականին «Հայկական ատոմային էլեկտրական կայան» ՓԲԸ-ն հարկադրված է եղել «Ռուսատոմ Սերվիս» բաժնետիրական ընկերությունից 592 հազար ԱՄՆ դոլարով (283 մլն 5 հազար 600 դրամ) ձեռք բերել մեկ ամբողջական լրակազմ՝ 37 հատ միջանկյալ մետաղաձող:
2022 թվականի դեկտեմբերի 22-ին դատախազի նախաձեռնությամբ որոշում է կայացվել հանրային քրեական հետապնդում հարուցել Գագիկ Մարկոսյանի նկատմամբ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 256-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (վստահված գույքը հափշտակելը, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով): Նույն օրը որոշումն ուղարկվել է Ազգային անվտանգության քննչական դեպարտամենտ՝ մեղադրանք ներկայացնելու համար:
2023 թվականի հունվարի 31-ին Գ.Մ.-ին ներկայացվել է մեղադրանք: