Հայաստանը կարո՞ղ է միանալ «Միջին միջանցքին». փորձագետը՝ Թուրքիայի առաջարկի մասին

Նավահանգիստ
Եղիշե Հովհաննիսյանը կարծում է, որ ներկա իրողություններում Երևանին շատ ավելի ձեռնտու է Հնդկաստանի առաջարկը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 փետրվարի – Sputnik. Հայաստանը տեսականորեն կարող է Անդրկասպյան միջազգային տրանսպորտային միջանցքի մասնակից դառնալ, բայց մեր երկիրն այս նախագծի մեջ չի տեղավորվում ո՛չ աշխարհագրորեն, ո՛չ էլ քաղաքական տեսանկյունից։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց ՀՀ տրանսպորտային առաքողների միության նախագահ Եղիշե Հովհաննիսյանը։
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն երեկ հայտարարել է, որ Թուրքիան Հայաստանին համագործակցության է հրավիրում Անդրկասպյան միջազգային տրանսպորտային միջանցքի շրջանակում (հայտնի է նաև «Միջին միջանցք» անվանումով)։ Անդրկասպյան միջազգային տրանսպորտային միջանցքն անցնում է Չինաստանի, Ղազախստանի, Կասպից ծովի, Ադրբեջանի, Վրաստանի տարածքով դեպի Թուրքիա և Եվրոպայի երկրներ:
Հովհաննիսյանը պարզաբանեց, որ միջանցքը դե ֆակտո արդեն ստեղծվել է, գոյություն ունի, իսկ դեպի Հայաստան ճյուղը կարող է միայն դիտարկվել որպես զուգահեռ երթուղու տարբերակ։
«Անկեղծ ասած` Թուրքիայի արտգործնախարարի հայտարարության մեջ հրավերի նշույլ կամ ռեվերվանս անելու տարբերակ ես չեմ տեսնում»,–ասաց նա` հավելելով, որ այդ հայտարարությունը կարելի է դիտարկել ավելի շատ քաղաքական համատեքստում։
Հովհաննիսյանի խոսքով` թեև «Միջին միջանցքն» ամբողջությամբ չի գործարկվել, սակայն փորձարկումներ են արվել` երեք բեռնարկղային գնացքներ են բաց թողնվել այդ ճանապարհով։ Լոգիստիկ շղթայի մասնակիցներն այժմ փորձում են հասկանալ ժամկետները, տեխնիկական հնարավորությունները և այլն։
«Այստեղ մենք շատ հույսեր չպետք է ունենանք, որ կարող ենք «Միջին միջանցքին» միանալ, քանի որ նույնիսկ տեխնիկապես այդտեղ Հայաստանի կարիքը չկա»,–ասաց նա։
Հայաստանը, ըստ փորձագետի, կարող էր տեսականորեն դառնալ տրանսպորտային միջանցքի մի մաս Իջևան–Երևան երկաթգծի միջոցով, սակայն այդ հնարավորությունն էլ ապագայի համար հազիվ թե իրագործելի լինի, քանի որ գոյություն ունի Բաքու–Թբիլիսի–Կարս մայրուղին։
Հովհաննիսյանի կարծիքով` ներկա իրողություններում Երևանին շատ ավելի ձեռնտու է Հնդկաստանի առաջարկը։ Հայաստանը կարող է «պիտանի լինել» աշխարհի անցուդարձին և ապագայում դառնալ կապող օղակ` ապահովելով Հնդկաստանի և ԵՄ երկրների միջև կապը։
Եթե այդ երթուղին աշխատի, ապա Հնդկաստանից բեռները կհասցվեն Չաբահար նավահանգիստ, իսկ հետո բեռնատարներով կամ երկաթուղով՝ Իրանով ու Հայաստանով դեպի Վրաստանի նավահանգիստներ, որտեղից արդեն ծովով ՝ Բուլղարիա, Ռումինիա կամ Ուկրաինա։
«Դա կարող է դառնալ ինչ–որ հետաքրքիր միջանցք Հնդկաստանի հետ, բայց դա զուտ տեսական է առայժմ։ Եթե ազնիվ լինենք, մենք չունենք հիմա ճանապարհ, որը կարող ենք տրամադրել մեծաքանակ բեռնափոխադրումների համար, իսկ «Հյուսիս–հարավ» ճանապարհը ոչ ոք չի կարող ասել` երբ կավարտվի»,–ասաց նա։
Ինչ վերաբերում է երկաթուղային փոխադրումներին, ապա այստեղ անհրաժեշտ է սպասել Նախիջևանի սահմանից մինչև Երասխ կայարան երկաթուղու բացման հնարավորությանը և Իրանից Հայաստան երկաթուղու գործարկման հարցի քաղաքական լուծմանը։
Այդուհանդերձ, Հովհաննիսյանը դրական է գնահատում Թուրքիայի արտգործնախարարի հայտարարությունը, քանի որ Հայաստանին արդեն ընկալում են որպես միջանցքի մի հատված, սակայն որպեսզի դա տեսականից իրականություն դառնա, նրա խոսքով, Հայաստանը պետք է լուծի մի շարք լոգիստիկ և ենթակառուցվածքային խնդիրներ։
«Հաճելի է լսել, քննարկել, որ մենք էլ կարող ենք դառնալ աշխարհի լոգիստիկ ուղիներից մեկը, բայց այսօր մշուշով եմ տեսնում դրա ժամկետները»,–ամփոփեց նա։
Հիշեցնենք` Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Սուբրամանյամ Ջայշանկարը 2021 թվականի հոկտեմբերին Երևանում ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպմանը հաջորդած ասուլիսում հայտարարել էր, որ Հայաստանի իշխանություններին առաջարկել է Իրանի Չաբահար նավահանգստը օգտագործել որպես միջազգային տրանսպորտային միջանցքի հանգույց։