ԵՐԵՎԱՆ, 2 փետրվարի – Sputnik. Արդարադատության միջազգային դատարանը Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի և Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի գործերով լսումներն ավարտելուց հետո հեռացել է խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու։ Տեղեկությունը հայտնում է Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակը։
Նշենք, որ Արդարադատության միջազգային դատարանում հունվարի 30-31-ին տեղի ունեցան Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի և Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի գործերով ժամանակավոր միջոցներ կիրառելու պահանջների վերաբերյալ լսումները: Երկու կողմերը հիմնավորեցին իրենց՝ ժամանակավոր միջոցներ կիրառելու մասին պահանջները, դրանք հիմնավորող ապացույցները, այնուհետև առարկություններ ներկայացրեցին միմյանց պահանջների վերաբերյալ:
«Որոշումը կայացնելուց հետո դատարանն այն ընթերցելու է բաց և առցանց հեռարձակվող նիստի ընթացքում։ Որոշումն ընթերցելու օրվա մասին դատարանը կծանուցի կողմերին։ Համաձայն դատարանի, որոշումը պետք է ընդունվի հնարավորինս արագ»,–նշված է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք, որ Հայաստանը պահանջել էր կիրառել հետևյալ ժամանակավոր միջոցները՝
• Ադրբեջանը պետք է դադարեցնի ենթադրյալ «բողոքի ակցիաների» կազմակերպումը և աջակցությունը, որոնք արգելափակում են անխափան ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքով երկու ուղղություններով:
• Ադրբեջանը պետք է ապահովի բոլոր մարդկանց, տրանսպորտային միջոցների և բեռների անխափան ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքի երկայնքով երկու ուղղություններով:
• Ադրբեջանը պետք է անհապաղ ամբողջությամբ վերականգնի և ձեռնպահ մնա Լեռնային Ղարաբաղին բնական գազի և այլ կոմունալ ծառայությունների մատակարարումը խափանելուց կամ խոչընդոտելուց։