Գյումրիում, Աշոցքի և Ամասիայի տարածաշրջաններում բուք է. տեսանյութ

Շիրակի մարզպետարանը վարորդներին հորդորում է երթևեկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 փետրվարի – Sputnik. Շիրակի մարզում այս պահին ձյան առատ տեղումներ են ու բուք։ Տեղեկությունը հայտնում է Շիրակի մարզպետարանը։
«Փետրվարի 2-ի ժամը 17.15-ի դրությամբ մարզի բոլոր տարածաշրջանների ավտոճանապարհներին առատ ձյան տեղումները շարունակվում են։ Աշոցքի և Ամասիայի տարածաշրջաններում, Լանջիկ-Մաստարա հատվածում բուք է, ճանապարհները՝ դժվարանցանելի»,–նշված է հաղորդագրության մեջ։
Sputnik Արմենիայի թղթակից էլ Գյումրիից հայտնում է, որ այնտեղ ևս բուք է։
Սպասարկող ընկերությունների կողմից կատարվում են ճանապարհների երթևեկելի հատվածների ձյան մաքրման և աղ ու ավազով մշակման աշխատանքներ։
ՀՀ միջպետական, հանրապետական, մարզային նշանակության ավտոմոբիլային ճանապարհները բաց են, որոշ հատվածներ՝ դժվարանացանելի, որոշ հատվածներում էլ առկա է մերկասառույց։
Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում և ձմեռային անվադողերով։
Հիշեցնենք` այսօր ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից հայտնել էին, որ Միջերկրական ծովից ՀՀ տարածք ակտիվ ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված` հանրապետության մեծ մասում սպասվում է ձյուն, առանձին հատվածներում` քամու ուժգնացում, բուք և ցածր հորիզոնական տեսանելիություն։