ԵՐԵՎԱՆ, 2 փետրվարի – Sputnik. Ստամբուլում Ֆրանսիայի գլխավոր հյուպատոսությունը դադարեցրել է աշխատանքը. Ֆրանսիան 5-րդ երկիրն է, որը նման քայլի է դիմում։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին` հյուպատոսության վրա հղում անելով։
Ավելի վաղ Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն ահաբեկչական հարձակումների սպառնալիքի մասին ԱՄՆ-ի հայտարարությունների ֆոնին Ստամբուլում եվրոպական մի շարք երկրների հյուպատոսությունների փակումն անվանել էր իրենց երկրի դեմ «հոգեբանական պատերազմ» ։
«Հինգշաբթի՝ փետրվարի 2-ին և ուրբաթ՝ փետրվարի 3-ին Ստամբուլում Ֆրանսիայի գլխավոր հյուպատոսությունը փակ է հանրության համար։ Հարցերի դեպքում մեզ հետ կարելի է կապ հաստատել էլեկտրոնային փոստով»,- նշված է հաղորդագրության մեջ։
Ավելի վաղ Ստամբուլում Շվեդիայի, Նիդեռլանդների, Մեծ Բրիտանիայի և Գերմանիայի գլխավոր հյուպատոսությունները հայտարարել էին, որ դադարեցնում են այցելուների ընդունումը քաղաքում ահաբեկչական հարձակումների սպառնալիքի պատճառով։ Ռուսաստանի Դաշնության հյուպատոսությունը հայտնել է, որ այն շարունակում է աշխատել սովորական ռեժիմով։
Եվրոպական երկրների հյուպատոսարանների փակման ֆոնին Ստամբուլում ԱՄՆ գլխավոր հյուպատոսությունը չի նախատեսում դադարեցնել իր աշխատանքն ու այցելուների ընդունումը, չնայած որ քաղաքում ահաբեկչական հարձակումների սպառնալիքի մասին հենց իրենք էին նախազգուշացրել։