ԵՐԵՎԱՆ, 2 փետրվարի – Sputnik. «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկի դանակահարված տղամարդկանցից մեկին վիրահատել են, հայտնում է Երևանի քաղաքապետարանը։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ երեկ երեկոյան 2 տղամարդու կտրած վերքերով տեղափոխել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ։
«Դանակահարված քաղաքացիներից մեկն ունեցել է անոթների, ձախ թուլակողի շրջանում կտրած-ծակած վնասումներ, մկանների պատռվածք: Քաղաքացին վիրահատվել է, և այս պահին նա գտնվում է բաժանմունքում՝ դինամիկ հսկողության տակ: Նրա կյանքին վտանգ չի սպառնում»,–ասված է հաղորդագրության մեջ։
Ինչ վերաբերում է երկրորդ անձին, ապա նրա մոտ էլ եղել է կտրած-ծակած վերք շեքի հատվածում և ձախ արմնկային ոսկորի կոտրվածք: Վերջինը ստացել է համապատասխան բժշկական օգնություն, և վիճակի կայունացումից հետո նա հրաժարվել է հոսպիտալացումից ու հետագա բուժումից։
Հիշեցնենք, որ դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել քրեական օրենսգրքի 167-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետի հատկանիշներով (զենքի կամ մարմնական վնասվածք պատճառելու համար նախապես պատրաստված կամ հարմարեցված առարկայի կամ միջոցի գործադրմամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը):
Հանցագործությունը կատարած անձի ինքնությունը հայտնի է, քայլեր են ձեռնարկում նրան հայտնաբերելու ուղղությամբ։