Երևանում դանակահարել են աղբահանության 2 աշխատակցի. մանրամասներ

Ոստիկանության լրատվության բաժնից հայտնեցին, որ քայլեր են ձեռնարկվում 2 անձի դանակահարողին հայտնաբերելու ուղղությամբ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 փետրվարի – Sputnik. Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտնում է, որ այս գիշեր արտակարգ դեպք է տեղի ունեցել Ավան-Առինջում` «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկի երկու աշխատակից դանակահարվել են իրենց աշխատանքը կատարելիս։
«Այժմ նրանք գտնվում են հիվանդանոցում: Բարեբախտաբար նրանց կյանքին վտանգ չի սպառնում»,–գրել է Ավինյանն իր ֆեյսբուքյան էջում։
Միաժամանակ ոստիկանության լրատվության բաժնից Sputnik Արմենիային հայտնեցին, որ երեկ երեկոյան «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ից 21։45–ին ահազանգ է ստացվել ոստիկանություն, որ 1 անձ է տեղափոխվել հիվանդանոց` որովայնի ձախ շրջանում կտրած վերքով։
Ժամեր անց` 23։17-ին, ևս մեկ ահազանգ է ստացվել նույն ԲԿ-ից, որ կրկին կտրած վերքով մեկ այլ անձ է տեղափոխվել հիվանդանոց։
Ձեռնարկված քայլերի արդյունքում ճշտվել է կատարողի ինքնությունը։ Քայլեր են ձեռնարկվում նրան հայտնաբերելու ուղղությամբ։
shamshyan.com-ն էլ իր հերթին հայտնում է, որ դանակահարվել են Երևանի բնակիչ 33-ամյա Անդրանիկ Հ․-ն և Երևանի բնակիչ 58-ամյա Արայիկ Մ․-ն։
Պարզվել է, որ ժամը 21։00-ի սահմաններում Տաշքենդի փողոցի 2/8 հասցեի մոտ վիճաբանության ժամանակ ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում հաշվառված 40-ամյա Վարդան Դ․-ն իր մոտ եղած դանակով մարմնական վնասվածքներ է պատճառել նշված անձանց, ապա դիմել փախուստի։
Երեկ կեսգիշերին վիրավորներին է այցելել Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը։