ԵՐԵՎԱՆ, 2 փետրվարի – Sputnik. «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկի երկու աշխատակիցների դանակահարման դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել։ Տեղեկությունը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ երեկ երեկոյան 2 տղամարդու կտրած վերքերով տեղափոխել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ։
Աբրահամյանը տեղեկացրել է, որ քրեական վարույթ է նախաձեռնվել քրեական օրենսգրքի 167-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետի հատկանիշներով (զենքի կամ մարմնական վնասվածք պատճառելու համար նախապես պատրաստված կամ հարմարեցված առարկայի կամ միջոցի գործադրմամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը):
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։ Հանցանքն առերևույթ կատարած անձին հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու վերաբերյալ հանձնարարություն է տրվել ոստիկանությանը։