ՌԱԴԻՈ

ԱՄՆ–ն շարունակելու է իր գիծը` 1 տեղից կառավարելով կովկասյան ամբողջ պորտֆելը. քաղաքագետ

Ամերիկյան հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն, քաղաքագետ Սուրեն Սարգսյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է Լուիս Բոնոյի նշանակմանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահի պաշտոնում։
Sputnik
ԱՄՆ–ն շարունակելու է իր քաղաքական գիծը, այսինքն` նույն կենտրոնից է կառավարելու կովկասյան ամբողջ պորտֆելը` ներառելով հայ–ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը, ինչպես նաև Վրաստանի խնդիրը։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց Ամերիկյան հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն, քաղաքագետ Սուրեն Սարգսյանը։
ԱՄՆ Պետքարտուղարությունը փետրվարի 2-ին հայտարարել է, որ Կովկասում բանակցությունների հարցով ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի նոր ավագ խորհրդական Լուիս Բոնոն ներկայացնելու է ԱՄՆ-ն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափում, ինչպես իր նախորդները։
«Թեև ԵԱՀԿ–ում դեռ չկա միասնական որոշում Մինսկի խմբի հետագա համատեղ գործունեության վերաբերյալ, բայց դա չի նշանակում, որ համանախագահությունը գոյություն չունի։ Ռուս–ուկրաինական հակամարտության պատճառով ԱՄՆ–ի ու ՌԴ–ի հարաբերությունները սրվել են, հետևաբար նման պայմաններում Մինսկի խմբի համանախագահությունը չի կարող արդյունավետ գործել։ Այդուհանդերձ, միայն Մինսկի խումբն ունի ղարաբաղյան կոնֆլիկտի կարգավորմամբ զբաղվելու մանդատ»,– նշեց Սարգսյանը։
Նրա դիտարկմամբ` բանակցությունների ակտիվացման առումով շատ բան կախված է նաև Հայաստանի դիրքորոշումից։ ՀՀ ղեկավարությունը պետք է հասկանա, թե ինչ է ուզում, ինչի է ունակ և հաշվի առնի Հայաստանի կենսական շահերը։ Ըստ Սարգսյանի` դեռ պարզ չէ՝ ՀՀ իշխանությունը պատրա՞ստ է սպասարկել այդ շահերը ստեղծված իրավիճակում։ Միացյալ Նահանգներին անհրաժեշտ է հայ–ադրբեջանական հարաբերությունների և արցախյան հիմնախնդրի կարգավորում, իսկ թե ինչպիսին կլինի հարցի լուծումը, կախված է կողմերի ցանկություններից ու կարողություններից։
«ԱՄՆ–ի նախորդ ներկայացուցիչը նշանակվել էր հենց Մինսկի խմբի համանախագահ ու թեև զբաղվում էր նաև ուկրաինական խնդրով, սակայն հիմա նույն մոտեցումը չի պահպանվել։ Ե՛վ Ռիկերը, և՛ Բոնոն պրոֆեսիոնալ կադրեր են։ ԱՄՆ–ն միշտ էլ կադրային դիվանագետներ է նշանակում մեր տարածաշրջանի երկրների խնդիրներով զբաղվելու համար, այսինքն` տվյալ նշանակումները քաղաքական չեն»,– պարզաբանեց մեր զրուցակիցը։
Բլինկենի նոր խորհրդականը ներկայացնելու է ԱՄՆ-ն ՄԽ համանախագահության ձևաչափում. Պետդեպ
Քաղաքագետի կարծիքով` գերտերություններն առհասարակ ուշադրություն են դարձնում դիվանագիտական աշխատանքի բոլոր ուղղությունների վրա։ Այլ հարց է, որ Վաշինգտոնում գուցե Հարավային Կովկասը չունի կենսական այն նշանակությունը, ինչպես Մերձավոր Արևելքը կամ Կենտրոնական Ասիան, բայցևայնպես անկարևոր ուղղություններ չկան։
Հիշեցնենք, որ նախկինում Լուիս Բոնոն եղել է ՄԱԳԱՏԷ-ում և ՄԱԿ-ի կազմակերպություններում ԱՄՆ ներկայացուցչի պաշտոնակատար Վիեննայում, ինչպես նաև զբաղեցրել է ԱՄՆ պետքարտուղարի առաջին տեղակալի խորհրդականի և պետքարտուղարի տնտեսական ու գործարար հարցերով տեղակալի պաշտոնը: