Սյունիքի մարզպետարանը և Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը հուշագիր են կնքել

Ռոման Խուդոլիյը նշել է, որ հուշագիրը հնարավորություն է ընձեռում նախանշել ռազմավարական ուղղությունները և համատեղել ջանքերը թիրախային ծրագրեր իրականացնելու ուղղությամբ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 փետրվարի – Sputnik. Փետրվարի 1-ին Սյունիքի մարզպետարանը (ի դեմս մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի) և Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը (ի դեմս գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլիյի) կնքել են համագործակցության հուշագիր, տեղեկանում ենք մարզպետարանի ֆեյսբուքյան էջից։
Նախատեսվում է համագործակցությունն իրականացնել առողջապահության, սոցիալական ապահովության, կրթության, մշակույթի և սպորտի, տնտեսական, բնապահպանական բնագավառներում։
«Այս հուշագիրը նպատակ ունի ավելի հասցեական, համակարգված և արդյունավետ դարձնել Սյունիքի ամենախոշոր ձեռնարկության մասնակցությունը մարզի զարգացմանը։ Ընկերությունների սոցիալական պատասխանատվության ծրագրերը չպետք է փոխարինեն պետության պարտականություններին, ինչպես հաճախ եղել է, այլ պետք է փոխլրացնեն և ավելի արդյունավետ դարձնեն մարզի զարգացմանն ուղղված ջանքերը»,–ասել է Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը։
ԶՊՄԿ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլիյն էլ իր հերթին նշել է, որ հուշագիրը հնարավորություն է ընձեռում նախանշել ռազմավարական ուղղությունները և համատեղել ջանքերը՝ թիրախային ծրագրեր իրականացնելու ուղղությամբ։
«Ինձ համար հատկապես կարևոր է սոցիալական և բնապահպանական կայունության կարևորության գիտակցումը և այդ ուղղությամբ համատեղ աշխատանքը։ Խնդիրները շատ են, բայց մեր լուծումները պետք է կենտրոնանան ոչ թե արագ, այլ կայուն, երկարաժակետ ու ռազմավարական արդյունքների վրա»,–ասել է նա։
«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը» կրկին առաջատարն է. հայտնի են խոշոր հարկատուները
Այսօր կնքված հուշագիրը գործում է հինգ տարի ժամկետով՝ յուրաքանչուր տարի հաստատված, ընթացիկ տարվա համար նախատեսված գործողությունների պլանով: