ԵՐԵՎԱՆ, 1 փետրվարի – Sputnik. 2022թ. ընթացքում ՀՀ քննչական կոմիտեի վարույթում քննվել է 59 830 քրեական վարույթ, ինչը 17,947-ով կամ 42,8 տոկոսով ավելի է 2021թ. համեմատ։ Տեղեկությունը հայտնում է ՔԿ–ն` հավելելով, որ այսօր ՔԿ–ում տեղի է ունեցել կոլեգիայի ընդլայնված նիստ, որը վարել է ՔԿ նախագահ Արգիշտի Քյարամյանը:
Արձանագրվել է, որ նախորդ տարվա ընթացքում ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության և դրա ենթակա ստորաբաժանումներում քննվել է 6510 քրեական վարույթ, որոնցից ավարտվել է 32,4 %-ի նախաքննությունը: Ավարտված վարույթներից 544-ը` 586 անձի նկատմամբ, ավարտվել է մեղադրական եզրակացությամբ, ինչը 58,3%-ով ավելի է 2021թ. համեմատ: Վարույթներում շարունակում են գերակշռել 2020թ. Ադրբեջանի կողմից սանձազերծված ռազմական ագրեսիվ պատերազմի, ինչպես նաև դրանից հետո ընկած ժամանակահատվածում Ադրբեջանի ԶՈւ կողմից ՀՀ տարածքային ամբողջականության դեմ ուղղված ռազմական ոտնձգություններին առնչվող վարույթները։
Քյարամյանն ընդգծել է այս վարույթներով բծախնդիր քննություն իրականացնելու, բավարար ապացուցողական հենք ունեցող և ավարտական փուլում գտնվող վարույթներով վերջնական իրավական գնահատականներ տալու գործընթացի արագացման խիստ անհրաժեշտությունը։
«Դա ունի ոչ միայն զուտ դատավարական, այլ նաև պատմական նշանակություն։ Մի կողմից Ադրբեջանի գործողություններին հստակ քրեաիրավական գնահատականներ տալու, մյուս կողմից հայկական զինված ուժերում նախկին սխալների կրկնությունը բացառելու, ռազմական ձախողումների պատճառահետևանքային կապերը պարզելու և պատասխանատուների քրեական պատասխանատվության հարցը լուծելու առումով»,–ասել է Քյարամյանը։
Բացի այդ, նշվել է, որ էականորեն ավելացել է քննիչների ծանրաբեռնվածությունը։ ՔԿ նախագահը հանձնարարել է առանձնահատուկ ուշադրություն դարձնել դատավարական ժամկետների պահպանման, ինչպես նաև նախկինում կասեցված վարույթների վերսկսման և քննության արդյունքում վերջնական դատավարական որոշումներ կայացնելու խնդրի լուծման վրա։