ԵՐԵՎԱՆ, 1 փետրվարի – Sputnik. ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան առաջադրելու որոշում չունեն ո՛չ ընդդիմադիրները, ո՛չ էլ իշխանությունները: Այս մասին գրում է «Ժողովուրդ» օրաթերթը։
Նշենք, որ ՄԻՊ թեկնածու առաջադրելու համար օրենքով սահմանված ժամկետն այս շաբաթ լրանում է:
Ըստ «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի՝ թեկնածուները կարող են առաջադրվել ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնը թափուր մնալուց հետո՝ տասնօրյա ժամկետում:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ իշխող խմբակցությունն էլ թեև հաճախակի քննարկումներ է անցկացնում ՄԻՊ թեկնածուների մասով, սակայն դեռ չունի ՄԻՊ թեկնածու, որը կլինի պրոֆեսիոնալ, հանրության կողմից վստահություն վայելող կերպար:
«Տեղեկացանք, որ երեկվա փակ քննարկմանը նույնպես անդրադարձ է եղել ՄԻՊ-ի հարցին, բայց թեկնածուի շուրջ համաձայնության չեն եկել իշխանական պատգամավորները։ ՄԻՊ առաջադրելու իրավունք ունեն ԱԺ բոլոր խմբակցությունները, իսկ նրան ընտրելու համար խորհրդարանում անհրաժեշտ է 65 ձայն. ստացվում է՝ ՀՀ նոր ՄԻՊ ընտրելու համար բավարար կլինեն միայն ՔՊ-ի ձայները»,–գրում է թերթը:
Ավելի վաղ ԶԼՄ–ները հայտնել էին, որ ՄԻՊ–ի պաշտոնը կարող է զբաղեցնել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը։
Հիշեցնենք, որ հունվարի 23-ին Քրիստինե Գրիգորյանը հրաժարականի դիմում է ներկայացրել։ Որոշումը, ըստ որոշ տեղեկությունների, կապված է Բարձրագույն դատական խորհուրդ տեղափոխելու հետ։ Գրիգորյանը պաշտոնավարեց մեկ տարի, նա նշանակվել էր 2022 թվականի հունվարի 24-ին Արման Թաթոյանի լիազորությունների ավարտից հետո։ Ավելի ուշ որոշ լրատվամիջոցներ գրեցին, որ Քրիստինե Գրիգորյանը կարող է գլխավորել նոր կազմավորվող արտաքին հետախուզության ծառայությունը։