«Մալաթիա» տոնավաճառը փակելով՝ մանրածախ առևտուրն էլ ավելի է մոնոպոլացվելու։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց, տնտեսագետ Սուրեն Պարսյանը` մեկնաբանելով Հայաստանի խոշոր տոնավաճառներից մեկի գործունեությունը դադարեցնելու որոշումը։
«Եթե նախկինում մոնոպոլացված էր այս կամ այն ապրանքի ներկրումը, ապա այժմ խոշոր սուպերմարկետները և մոլերն ամբողջությամբ իրենց վերահսկողության տակ են վերցրել մանրածախ առևտուրը։ Կառավարության այս որոշման հետևանքով մենք կունենանք մանրածախ առևտրի էլ ավելի մոնոպոլացում»,–ասաց Պարսյանը։
Նրա պնդմամբ` տոնավաճառը փակելու որոշումն առաջին հերթին սոցիալտնտեսական հետևանքներ է ունենալու։
Եթե աշխարհի զարգացած երկրներն իրենց տնտեսության 60-70 տոկոսը հատկացնում են փոքր ու միջին բիզնեսին, քանի որ այն ապահովում է երկրի տնտեսության ճկունությունը, Հայաստանում ճիշտ հակառակն է. փոքր ու միջին բիզնեսը գնալով զիջում է իր դիրքերը խոշորին։
Պարսյանը նաև ընդգծում է, որ փոքր ու միջին բիզնեսն է ցանկացած երկրում միջին խավ ստեղծում, որը ինքն իր աշխատանքով կարողանում է նվազագույն կարիքները հոգալ ու նաև հարկեր վճարել։ Սակայն այս կարևոր բաղադրիչներն անտեսվում են կառավարության կողմից։
«Պետք է արձանագրենք՝ վերջին 20 տարիներին առհասարակ սպառողական շուկաների գործունեությունը էապես անկում է գրանցել։ Օրինակ, եթե մանրածախ առևտրի մեջ սպառողական ապրանքների շուկաների մասնաբաժինը 2000 թվականին կազմում էր մոտավորապես 30 տոկոս, ապա հիմա՝ ընդամենը 4 տոկոս։ Այսինքն` 20 տարվա ընթացքում տոնավաճառների առևտրաշրջանառության մասնաբաժինը 7,5 անգամ նվազել է»,–ասաց Պարսյանը։
Նրա խոսքով` Հայաստանում այժմ սպառողական շուկաների մասնաբաժինը գրավում են խոշոր խանութները, խոշոր մոլերը։ Այս շուկաների անկումը, տնտեսագետի կարծիքով, պայմանավորված է առաջին հերթին վատ մենեջմենթով. գումար չեն հատկացրել գովազդի, վաճառքի պայմանների բարելավման համար, ինչը հանգեցրել է նրան, որ գնորդների հոսքը տոնավաճառներից ուղղվել է դեպի մոլեր։
«Շատ հաճախ տոնավաճառներում և մոլերում ապրանքները նույնն են, ուղղակի պայմաններն են ուրիշ, և մարդիկ նախընտրում են լավ պայմաններում առևտուր անել։ Սա բնականաբար իր ազդեցությունն է թողել առևտրի ծավալների նվազման վրա»,–ասաց նա։
Տնտեսագետը ուշագրավ է համարում, որ 2022 թվականի երկնիշ տնտեսական աճի պայմաններում շատ համեստ աճ է գրանցել մանրածախ առևտուրը՝ ընդամենը 2,4 տոկոս, սակայն նույնիսկ այդ փոքր աճը անհամաչափ է բաշխվել։
«Մասնավորապես՝ 2022 թվականի հունվար-նոյեմբեր ամիսներին խանութների (հիմնականում խոշոր սուպերմարկետների) մանրածախ առևտրաշրջանառությունն ավելացել է 3,9 տոկոսով, իսկ սպառողական ապրանքների շուկաների առևտրաշրջանառությունը նվազել է 13,7 տոկոսով, գյուղմթերքի շուկաները՝ -8,6 տոկոսով, կրպակները՝ -9,2 տոկոսով»,–նշեց տնտեսագետը` հավելելով, որ նման իրավիճակում սպառողական ապրանքների և գյուղմթերքի շուկաները ուշ թե շուտ փակվելու են։
«Մալաթիայի» դեպքում հակահրդեհային կանոնների շուրջ առաջած խնդիրները որպես պատճառաբանություն ներկայացնելը, տնտեսագետի խոսքով, հիմք չէ տոնավաճառ փակելու համար։ Հայաստանում նման պայմաններով գործող բազմաթիվ սպառողական շուկաներ կան,օրինակ՝ երևանյան մի շարք գետնանցումներում գործող շուկաները, սակայն իշխանությունը, նրա համոզմամբ, ընտրել է կացնային հարվածով տոնավաճառները վերացնելու մոտեցումը։
Պարսյանի կարծիքով` ստեղծված իրավիճակից հնարավոր է փորձեն օգտվել իշխանության հետ կապ ունեցող որոշ օլիգարխներ և տոնավաճառի վաճառականներին կառաջարկեն, օրինակ, արտոնյալ պայմաններով վաճառատեղեր` փորձելով իրենց մոլը համալրել նոր տնտեսվարողներով։
«Կառավարությունը պետք է միջամտի, հակառակ դեպքում մոլերը և սուպերմարկետները ավելի կմեծացնեն իրենց «շուկայական իշխանությունը» և կսկսեն գին ու պայմաններ թելադրել։ Սրանից կտուժեն ինչպես սպառողները, այնպես էլ տեղական արտադրողները»,–ասաց նա։
Ամփոփելով խոսքը` փորձագետը հիշեցրեց, որ «Մալաթիա» տոնավաճառում էր 90–ականներին հիմանական առևտուրն իրականացվում։ Այժմ գնդակը գործող իշխանության դաշտում է. պետք է կառավարությունը ցույց տա, որ խտրական մոտեցում ու այլ շարժառիթներ չունի և փորձի իրավիճակից դուրս գալու համար ելքեր գտնել։