ԵՐԵՎԱՆ, 1 փետրվարի – Sputnik. «Մալաթիա» տոնավաճառի տնօրինության և ՀՀ քաղաքաշինության, հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի հանդիպման արդյունքում որոշվել է, որ սեփականատերը` ՏՄ համապատասխան մասնագետների ներգրավմամբ, պետք է հստակ միջոցառումներ իրականացնի արձանագրված այն խնդիրների լուծման ուղղությամբ, որոնք կարող են սպառնալիք հանդիսանալ հրդեհների առաջացման, տարածման և մարդկանց անվտանգության համար։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի մամուլի ծառայությունը։
«Այս միջոցառումներն իրականացնելուց հետո միայն կքննարկվեն տարածքում գործունեություն իրականացնելու արգելքը վերացնելու հարցը։ Ընկերության տնօրենը հայտնեց, որ նշված աշխատանքներն իրականացնելու վերաբերյալ դիրքորոշում կարող է ներկայացնել միայն նախագիծ-նախահաշիվ կազմելուց և դրա արդյունքում անհրաժեշտ ներդրման ծավալը հասկանալուց հետո»,– ասված է հաղորդագրությունում։
ՔՏՀԱ տեսչական մարմնի ղեկավար Գարեգին Խաչատրյանը նշել է, եթե անհրաժեշտ ներդրում իրականացնելու մասով ընկերության տնօրինությունը հստակ ժամկետում այն իրականացնելու դրական դիրքորոշում չհայտնի, ապա տոնավաճառի գործունեությունը չի վերսկսվի։
Տոնավաճառի տնօրինությանը նաև ներկայացվել է այն խնդիրը, որ պետք է սեղմ ժամկետում ներկայացվեն մնացյալ այն աշխատանքների իրականացման նախագծային փաստաթղթերը, որոնք թեև ուղղակի սպառնալիք չեն հրդեհների առաջացման համար, սակայն դրանց իրականացումը նույնպես բխում է հրդեհային անվտանգության նորմատիվ իրավական ակտերի պահանջներից։
Հիշեցնենք՝ ՀՀ քաղաքաշինության, հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչական մարմինը որոշել է «Մալաթիա» տոնավաճառի գործունեությունը փետրվարի 1-ից կասեցնել, քանի որ տնտեսվարողը արձանագրված 17 խախտումից մի քանիսը չի վերացրել։
Այսօր տոնավաճառի աշխատակիցները բողոքի ակցիա էին իրականացում փակ աշխատավայրի մոտ։