Լեհաստանը տանկերի ևս մեկ խմբաքանակ է խոստացել Ուկրաինային. Անջեյ Դուդա

Անջեյ Դուդա
Լեհաստանի նախագահն ընդգծել է, որ Վարշավան չափազանց շատ զենք է ուղարկել Կիև։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 փետրվարի – Sputnik. Լեհաստանը խոստացել է Ուկրաինային փոխանցել տանկերի հերթական խմբաքանակը, մասնավորապես` Т -72 և PT-91 Twardy։ Ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստին, հղում անելով լեհական ԶԼՄ–ներին, այս հայտարարությունն արել է երկրի նախագահ Անջեյ Դուդան։
«Ներկա պահին որոշել ենք Leopard տանկերի վաշտ ուղարկել և հայտարարել ենք, որ անհրաժեշտության դեպքում կշարունակենք աջակցել տանկերի հարցում»,– ասել է Դուդան։
Նա նշել է, որ խոսքը Т-72 տանկերի և դրանց հիման վրա ստեղծված PT-91 Twardy տանկերի մասին է։ Լեհ առաջնորդը հիշեցրել է, որ Վարշավան արդեն չափազանց շատ զենք է ուղարկել Կիև։
«Մենք Ուկրաինային մշտապես ռազմական աջակցություն ենք տրամադրում։ Լեհական կողմից այդ աջակցությունն արդեն շատ է եղել, նույնիսկ կասեի` չափազանց շատ։ Մենք Ուկրաինա ենք ուղարկել ավելի քան 240 տանկ, շուրջ 100 զրահապատ տրանսպորտային միջոց, տասնյակհազարավոր ինքնաձիգներ, զինամթերքի մեծ քանակ, Piorun շարժական զենիթահրթիռային համալիրներ, գերժամանակակից Krab ինքնագնաց հաուբիցներ»,– թվարկել է Լեհաստանի նախագահը։
Ռուսաստանն ավելի վաղ ՆԱՏՕ-ի երկրներին բողոքի նոտա էր հղել Ուկրաինային ռազմամթերք մատակարարելու համար։ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը նշել էր, որ ցանկացած բեռ, որն Ուկրաինայի համար ռազմամթերք կպարունակի, Ռուսաստանի համար օրինական թիրախ կդառնա։ ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչությունում հայտարարել էին, որ ՆԱՏՕ-ի երկրները, Ուկրաինային ռազմամթերք մատակարարելով, կրակի հետ են խաղում։ ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովն ընդգծել էր, որ Արևմուտքի կողմից Ուկրաինային զենք տրամադրելը չի նպաստում ռուս-ուկրաինական բանակցությունների հաջողությանը և բացասական ազդեցություն է թողնում։
Պենտագոնը հրապարակել է Ուկրաինայի համար նախատեսված ռազմական օգնության նոր փաթեթի արժեքը