ԵՐԵՎԱՆ, 1 փետրվարի – Sputnik. Փետրվարի 1-ին Մոսկվայում տեղի է ունեցել Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հանդիպումը ՀԱՊԿ անդամ պետությունների խորհրդարանների կոմիտեների (հանձնաժողովների) նախագահների, ՌԴ–ում ՀԱՊԿ երկրների դեսպանների հետ, տեղեկանում ենք Ռուսաստանի արտգործնախարարության կայքից։
«Քննարկվել են ՀԱՊԿ ձևաչափում բազմակողմ համագործակցության հիմնական արդյունքները, նախանշվել են հեռանկարային հիմնական խնդիրները՝ շեշտը դնելով միջխորհրդարանական համագործակցության և կազմակերպության շրջանակներում արտաքին քաղաքական համակարգման և արտաքին կապերի հետագա ամրապնդման վրա։ Մտքեր են փոխանակվել միջազգային և տարածաշրջանային անվտանգության արդիական խնդիրների շուրջ»,–ասված է հաղորդագրության մեջ։
ՌԴ ԱԳ կայքում հրապարակված լուսանկարում երևում են ինչպես Ռուսաստանում ՀՀ դեսպան Վաղարշակ Հարությունյանը, այնպես էլ ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը։
Հայտնել էինք, որ Մոսկվայում կայացած ՀԱՊԿ ԽՎ միջոցառմանը հայկական պատվիրակությունը ներկայացրել է Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակը։
Հայկական պատվիարկության կազմում են ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, ՀԱՊԿ ԽՎ քաղաքական հարցերով և միջազգային համագործակցության հանձնաժողովի նախագահ, հայկական պատվիրակության ղեկավար Հակոբ Արշակյանը, ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը և Էդուարդ Աղաջանյանը։