Հայաստանում ևս կարող է զարգանալ այս սպորտաձևը. Աբու Դաբիի ավտոարշավի հաղթող Արթուր Գորոյան

Աբու Դաբիի ավտոարշավի հաղթող Արթուր Գորոյանը Sputnik Արմենիայում
Ջավախքում ծնված և Ռուսաստանում ապրող արշավորդը ներկայացնում է Հայաստանը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 փետրվարի – Sputnik. Հայաստանում պաշտոնապես չկան ավտոարշավային մրցումների համար նախատեսված վազքուղիներ, սակայն մեր երկրում միանգամայն հնարավոր է զարգացնել այս ավտոսպորտը։ Համոզված է հայազգի ավտոարշավորդ Արթուր Գորոյանը։ Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում կայացած ասուլիսի ժամանակ Գորոյանը նշեց, որ մտադիր է նպաստել Հայաստանում ավտոսպորտի զարգացմանը և կարծում է, որ դա միանգամայն հնարավոր է, կարևորը սկսելն է։
Գորոյանը թիմակից արշավորդ Ռոմանով Մավլանովի հետ հաղթանակ է տարել հունվարի 21-ին Աբու Դաբիում (ԱՄԷ) կայացած TCR շարքի 6-ժամյա մրցավազքում: Նա 6 վայրկյան շուտ է կարողացել ավարտել հիմնական մրցակից «Wolf – Power Racing»-ի անձնակազմից։
Հայ ավտոարշավորդի մարզական կարիերան սկսվել է 2009 թվականին կարտինգում, որի արդյունքում դարձել Է Ռուսաստանի չեմպիոն: Այնուհետև նա հանդես է եկել GT1, GT2, GT3 մրցումներում։ 2013 թվականին ստացել է C կարգի լիցենզիա, որը նրան թույլ է տվել հանդես գալ առաջին կարգի միջազգային մրցումներում։ Հիմա արդեն Արթուր Գորոյանը B կատեգորիայի միջազգային արտոնագիր ունի։
Հենց սկզբից Գորոյանն իր համար որոշեց, որ մրցույթներում և մրցումներում ներկայացնելու է իր պատմական հայրենիքը՝ Հայաստանը, թեև ծնվել է Վրաստանում և ապրում է Ռուսաստանում։ Նա հանդես է գալիս 4, 6, 12 և 24 ժամ տևողությամբ մրցարշավներում:
«Հայաստանում կա հնարավորություն, կա ֆեդերացիա, կա կարտինգ։ Երեխաները կարող են զբաղվել կարտինգով, մրցել, սկսել քայլեր ձեռնարկել այդ ուղղությամբ։ Այս մարզաձևում հսկայական ներուժ կա, և հայ արշավորդները կարող են լավ արդյունքների հասնել ու Հայաստանը ներկայացնել ամբողջ աշխարհում», - նշեց Գորոյանը։
Ասում է` սպորտաձևը մեր երկրում զարգացնելու գաղափարը կա, բայց նաև մեծ գումարներ են պետք։
Աբու Դաբիի ավտոարշավի հաղթող Արթուր Գորոյանը Sputnik Արմենիայում
Մեկ մրցույթում կարտինգի թիմի մասնակցության համար անհրաժեշտ է միջինը 50–70 հազար դոլար: Օրինակ՝ Լե Մանի ավտոարշավին մասնակցելու համար անհրաժեշտ է 1 միլիոնից մինչև 3 միլիոն դոլար։