EWF ղեկավարությանը տպավորված է Մարզահամերգային համալիրի պայմաններից և հնարավորություններից

Քննարկել են Երևանում անցկացվելիք ծանրամարտի Եվրոպայի մեծահասակների առաջնության անցկացման նախապատրաստական աշխատանքները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 փետրվարի – Sputnik. Եվրոպայի ծանրամարտի ֆեդերացիայի ներկայացուցիրներնարդեն եղել են Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում և տպավորված են այնտեղ առկա պայմաններից ու հնարավորություններից: Այս մասին նրանք հայտնել են ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար, ծանրամարտի Եվրոպայի 2023 թ․ առաջնության անցկացման աշխատանքների նախապատրաստման և կազմակերպման միջգերատեսչական հանձնաժողովի նախագահ Արայիկ Հարությունյանի ևԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանի հետ հանդիպման ժամանակ։ Տեղեկությունը հայտնում է ԿԳՄՍՆ–ի մամուլի ծառայությունը։
Կողմերը քննարկել են Երևանում անցկացվելիք ծանրամարտի Եվրոպայի մեծահասակների առաջնության անցկացման նախապատրաստական աշխատանքները։
Արայիկ Հարությունյանը շնորհակալություն է հայտնել Եվրոպայի ծանրամարտի ֆեդերացիայի (EWF) ղեկավարությանը նման պատասխանատու մրցաշարի կազմակերպումը մեր երկրին վստահելու համար։
«ՀՀ կառավարությունը կներդնի բոլոր ջանքերը՝ մրցաշարը բարձր մակարդակով անցկացնելու նպատակով: Դրա համար առկա են անհրաժեշտ բոլոր ենթակառուցվածքները»,– ասել է նա:
Հիշեցնենք, որ ծանրամարտի Եվրոպայի մեծահասակների առաջնությունն անցկացվելու է Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: Բացման արարողությունը տեղի կունենա ապրիլի 14-ին, իսկ մրցաշարը կանցկացվի ապրիլի 15-23-ը:
Ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը Փարիզի 2024 թվականի օլիմպիական խաղերի համար լինելու է վարկանիշային: