ԵՐԵՎԱՆ, 31 հունվարի - Sputnik. «Վերին Լարս» անցակետով Վրաստանից դեպի Ռուսաստան ճանապարհը բացվել է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Տեղեկությունը հայտնում էՎրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոմոբիլային ճանապարհների դեպարտամենտը։
Ավելի վաղ ձյան և մերկասառույցի պատճառով Վրաստանից Լարսով դեպի Ռուսաստան ճանապարհը բեռնատարների համար փակվել էր։
Նշվում է, որ մաքրման աշխատանքներից հետո Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս միջազգային նշանակության ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում երթևեկությունը վերականգնվել է նաև կցորդիչով և կիսակցորդիչով տրանսպորտային միջոցների համար:
Հիշեցնենք, որ Վրաստանը Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի սողանքային վտանգ ունեցող հատվածը (Գուդաուրի-Կոբի) շրջանցող ճանապարհի շինարարություն է իրականացնում։ Խոսքը Խաչի լեռնանցքի տակով անցնող 9–կիլոմետրանոց թունելի մասին է։
Նախատեսվում է կառուցել 22,7 կմ երկարությամբ ճանապարհ, ինչպես նաև 6 կամուրջ և 5 թունել։ Շինարարությունը նախատեսվում է ավարտել 2024 թվականի վերջին։