Վերին Լարսում իրավիճակը կայուն է, ռուսական կողմից բեռնատարների կուտակումներ չկան. Հակոբյան

Արխիվային լուսանկար
Հայկական կողմը օպերատիվ կապ է պահպանում ռուսական կողմի հետ, խնդիրներ առաջանալուն պես աշխատանքներ են տարվում դրանց լուծման ուղղությամբ:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 31 հունվարի – Sputnik. Վերին Լարսում իրավիճակը կայուն է, ներկայումս ռուսական կողմից բեռնատարների կուտակումներ չկան, այդ թվում ՝ Ռուսաստանից Հայաստան ուղևորվող բեռնատարների։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց ՌԴ-ում ՀՀ դեսպանության մաքսային կցորդ Վահան Հակոբյանը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ «Վերին Լարս» անցակետով Վրաստանից դեպի Ռուսաստան ճանապարհը փակ է բեռնատարների համար ձյան և մերկասառույցի պատճառով:
«Վերին Լարսի ճանապարհը ժամանակ առ ժամանակ փակվում է ձնաբքի պատճառով, սակայն մաքրման աշխատանքներից հետո երթևեկությունը վերականգնվում է։ Այս պահին ճանապարհին արգելափակված բեռնատարներ չկան»,–ասաց Հակոբյանը։
Նա հավելեց, որ հայկական կողմը օպերատիվ կապ է պահպանում ռուսական կողմի հետ, ինչը հնարավորություն է տալիս ժամանակին վերացնել առաջացող խնդիրները