ԵՐԵՎԱՆ, 31 հունվարի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարևորում է կապիտալ ծախսերի և տնտեսությունը գեներացնող մյուս ծրագրերի արդյունավետ իրականացումը։ Այս մասին նա ասել է 2024-2026 թվականների միջնաժամկետ ծախսերի ծրագրի նախնական հարկաբյուջետային շրջանակի վերաբերյալ խորհրդակցության ժամանակ` ընդգծելով նախագծերի ու բարեփոխումների որակի հետևողական բարձրացման անհրաժեշտությունը: Տեղեկությունը հայտնում է վարչապետի մամուլի ծառայությունը։
«Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը ներկայացրել է նախարարության կողմից կատարված ամփոփ վերլուծությունը, որի նպատակը պետական գերատեսչություններին ընթացիկ ու կապիտալ ծախսերի սահմանաչափերի գնահատման վերաբերյալ տեղեկատվության տրամադրումն է»,–ասվում է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ նախարար Հովհաննիսյանն անդրադարձել է հարկաբյուջետային շրջանակի հիմնական ցուցանիշների, ընթացիկ և կապիտալ ծախսերի գծով կառավարության թիրախների իրագործման հնարավորությունների, հարկաբյուջետային շրջանակի ռիսկերի և մյուս ուղղություններով կանխատեսվող միտումներին:
Քննարկման առարկա են դարձել ընթացիկ և կապիտալ ծրագրերի, տարբեր ոլորտներում նախաձեռնած բարեփոխումների ընթացքը և հետագա անելիքները:
Նիկոլ Փաշինյանը գերատեսչությունների ղեկավարներին հանձնարարել է շարունակել աշխատանքները 2024-2026 թվականների միջնաժամկետ ծախսերի ծրագիրը վերջնական տեսքի բերելու և թիրախները հստակ նախանշելու ուղղությամբ: