ԵՐԵՎԱՆ, 31 հունվարի – Sputnik. Տեխասի հայկական Սուրբ Սարգիս եկեղեցին ճանաչվել է 2022թ. ԱՄՆ լավագույն շինություն` ըստ world-architects.com կայքի:
Հունվարին ամերիկացի ճարտարապետների շրջանում անցկացվել է «Տարվա շենք ԱՄՆ-ում» հարցումը, որի արդյունքում 40 կառույցներից 64 տոկոս ձայներով հաղթող է ճանաչվել Սուրբ Սարգիս եկեղեցին։
Կառույցի ճարտարապետը Դեյվիդ Հոթսոնն է։ Սուրբ Սարգիսն օծվել է 2022 թվականի ապրիլի 23-ին և իր առաջին կիրակնօրյա պատարագն անցկացրել մեկ օր անց՝ ապրիլի 24-ին, 1915 թվականի Հայոց ցեղասպանության 1.5 միլիոն զոհերի հիշատակի օրը։
Նշվում է, որ եկեղեցու արտաքին տեսքը փորձել են նմանեցնել հայաստանյան 7-րդ դարի Սուրբ Հռիփսիմե եկեղեցուն։ Դրա դիզայնը համատեղում է հինն ու ժամանակակիցը։ Տեխասի հայկական եկեղեցու պատին (դրսից) հայկական «կենաց ծառի» տեսքով 1.5 միլիոն կլոր ճյուղերից բաղկացած պատկեր կա։
«Ինձ համար մեծ պատիվ է, որ Սուրբ Սարգիս հայկական եկեղեցին նման համբավ է ձեռք բերել։ Կառույցի արևմտյան ճակատը հավերժացնում է 1915 թվականի Հայոց ցեղասպանության 1.5 միլիոն զոհերից յուրաքանչյուրի հիշատակը, մի իրադարձություն, որը ստիպեց հայ համայնքի նախնիներին լքել իրենց հայրենիքը: Հույս ունեմ, որ եկեցեղու այս համբավը կօգնի բարձրացնել ԱՄՆ–ում իրազեկությունը` աշխարհի ամենահին քրիստոնյա ազգի պատմության, ինչպես նաև հայ քրիստոնյաների հետապնդումների մասին, որոնք այսօր էլ տեղի են ունենում Լեռնային Ղարաբաղում»,–ասել է եկեղեցու ճարտարապետը։
Հավելենք, որ նախորդ տարի այդ կոչմանն էր արժանացել Վաշինգտոնում տեղադրված Մարտին Լյութեր Քինգի հուշարձանը: