Ռուսաստանից Հայաստան փոխանցված տրանսֆերտների ծավալը ռեկորդային է եղել

ԱՄՆ դոլար
ԿԲ–ի նախագահի ներկայացրած տվյալներով՝ տրանսֆերտների ծավալով առաջին տեղում Ռուսաստանն է, երկրորդը` ԱՄՆ–ը, երրորդը` այլ երկրներ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 31 հունվարի – Sputnik. 2022թ–ին դեպի Հայաստան դրամական փոխանցումների ցուցանիշը ռեկորդային է եղել։ Զուտ ներհոսքը կազմել է շուրջ 2.5 մլրդ դոլար։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը։
«Առաջին երկիրը Ռուսաստանն է` մոտավորապես 71 տոկոս, երկրորդ տեղում ԱՄՆ–ն է, երրորդը՝ այլ երկրները։ Այլ երկրները դա երկրների հանրագումար է, որոնցից փոխանցումների ծավալը շատ մեծ չէ։ ԱՄՆ–ի ծավալը չեմ ասում, որովհետև Ռուսաստանը տրանսֆերտների ընդհանուր ծավալի 71 տոկոսն է»,– ասաց ԿԲ նախագահը։
Նշենք, որ տրանսֆերտների ծավալով Հայաստանի համար Ռուսաստանը ավանդաբար եղել է առաջին տեղում, և այդ երկրից փոխանցումները մշտապես կազմել են ամբողջ ծավալի շուրջ 60%-ը։
Համեմատության համար նշենք, որ 2020-2021 թվականների ընթացքում Ռուսաստանից Հայաստան տարեկան շուրջ 850 մլն դոլար է փոխանցվել։