ԵՐԵՎԱՆ, 31 հունվարի – Sputnik. Ռուս խաղաղապահները Գորիս–Ստեփանակերտ երթուղով մարդասիրական բեռով շարասյուն են ուղեկցել դեպի Լեռնային Ղարաբաղ։ Այս մասին հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
Նշվում է, որ Ստեփանակերտի մանկական վերականգնողական կենտրոնում մարդասիրական ակցիա է իրականացվել. կենտրոնին սնունդ է տրամադրվել։
Բացի այդ, ռուսական խաղաղապահ զորախումբը շարունակում է Լեռնային Ղարաբաղում իրականացնել իր առջև դրված խնդիրները և իրադրության ու հրադադարի ռեժիմի պահպանման վերահսկողության 24-ժամյա մոնիթորինգ է իրականացնում։
Զորախմբի հրամանատարությունը նաև շարունակում է հայկական և ադրբեջանական կողմերի հետ բանակցություններ տանել Ստեփանակերտ–Գորիս ճանապարհահատվածի ավտոմոբիլային տրանսպորտի անարգել երթևեկությունը վերսկսելու ուղղությամբ։
Ռուս խաղաղապահների զորախումը 3 ուղղությամբ` Մարտակերտի, Մարտունու և Շուշիի շրջաններում, նաև պարեկային ծառայություն է իրականացրել։
Ռուս զինծառայողների անվտանգությունն ապահովելու և հնարավոր միջադեպերը կանխելու համար Ադրբեջանի և Հայաստանի ԶՈւ գլխավոր շտաբների հետ շարունակական փոխգործակցությունը շարունակվում է։
Հիշեցնենք` դեկտեմբերի 12-ից Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։ Դեկտեմբերի 13-ից ադրբեջանական կողմը ժամանակ առ ժամանակ անջատում է Արցախի գազամատակարարումը։
Հունվարի 9-ից ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող տարածքից անջատվել է նաև Հայաստանից դեպի Արցախ էներգասնուցումը: Ադրբեջանական կողմը հնարավորություն չի տալիս, որ մասնագետները մոտենան և հասկանան պատճառները՝ անհրաժեշտության դեպքում վթարավերականգնողական աշխատանքներ իրականացնելու համար: Արցախում էլենտրաէներգիայի մատակարարումն իրականացվում է հովհարային անջատումներով։
Լաչինի միջանցքը շարունակում է փակ մնալ։