Մել Գիբսոնը Գլենդելում այցելել է հայկական եկեղեցի

Մել Գիբսոն
44-օրյա պատերազմի ընթացքում օսկարակիր դերասանը հանդես էր եկել ուղերձով, որում իր աջակցությունն էր հայտնել հայ ժողովրդին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 31 հունվարի – Sputnik. Աշխարհահռչակ դերասան, ռեժիսոր, սցենարիստ և պրոդյուսեր Մել Գիբսոնը Գլենդելում (ԱՄՆ) այցելել է Սուրբ Գրիգոր Հայ Կաթողիկե եկեղեցի:
Օսկարակիր դերասանի հետ նկարներ են հրապարակել հայ համայնքի ներկայացուցիչները։
«Նա զարմանալի մարդ է, ես էլ կցանկանայի հանդիպել նրան», «Նախանձում եմ, հույս ունեմ, որ կհանդիպեմ նրան», «Մելը եկավ մեր եկեղեցի. շատ լավ է» - գրել են հայ համայնքի ներկայացուցիչ Էնթոնի Բեզջյանի հետևորդները նրա հրապարակած լուսանկարի մեկնաբանություններում։
Մել Գիբսոնն ու Էնթոնի Բեզջյանը
Հիշեցնենք, որ Մել Գիբսոնը 2020 թ.–ին 44-օրյա պատերազմի ընթացքում հանդես էր եկել ուղերձով, որում իր աջակցությունն էր հայտնել հայ ժողովրդին։
«Մեծ տխրությամբ լսեցի, թե ինչ է կատարվում Հայաստանում և Արցախում։ Ես շատ հայ ընկերներ ունեմ ԱՄՆ–ում, որոնք պատմում են այս օրերին իրենց հարազատների կորստի մասին... Հայերին ես շատ եմ հարգում` մեծահոգի և ամուր մարդիկ են, որոնք մի շարք դժվարությունների են բախվել»,–ասել էր դերասանը։
Գիբսոնը հույս էր հայտնել, որ խաղաղությունը կվերականգնվի։ Նա կոչ էր արել հայերին ուժեղ լինել։