ԵՐԵՎԱՆ, 31 հունվարի – Sputnik. ՏԿԵՆ Ջրային կոմիտեն 2022–ին իրականացրել է 5 ծրագիր՝ 50 միջոցառմամբ, որոնք ուղղված են եղել ոռոգման համակարգի առողջացմանը: Ինչպես հայտնում են կառավարությունից, վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության Ջրային կոմիտե՝ կառույցի 2022թ. գործունեության հաշվետվությունը քննարկելու նպատակով:
Նշվել է, որ բյուջեի կատարողականը կազմել է 99 տոկոս:
Ոռոգման շրջանի ողջ ընթացքում դիտարկված նորմայից չոր և տաք եղանակային պայմաններում հնարավոր է եղել ապահովել ոռոգման կայուն ջրամատակարարում, օրենքով նախատեսված՝ Սևանա լճից 170 մլն խմ ջրառի փոխարեն իրականացվել է 165 մլն խմ ջրառ։
Փաշինյանին կոմիտեից հայտնել են, որ արձանագրվել է 2003թ. ի վեր ՋՕԸ-երից ոռոգման ջրի համար գանձումների ամենամեծ հավաքագրումը՝ մոտ 4.7 մլրդ ՀՀ դրամ:
2022թ. շինարարության փուլ է մտել «Կյանքի պուրակ» նախագծի ոռոգման համակարգի կառուցումը, մեկնարկել է արևային կայանների և փոքր ՀԷԿ-երի կառուցման ծրագիրը:
Ջրի հաշվառման նպատակով Scada համակարգերի ծրագրի շրջանակում 2021-2022թթ. տեղադրվել է 1500 ջրաչափական սարքավորում, 2023թ. ավարտին ակնկալվում է այդ թիվը հասցնել 2250-ի:
Ընթացքի մեջ է ողջ հանրապետությունում միջտնտեսային և ներտնտեսային ոռոգման ցանցերի վերակառուցման/բարելավման ծրագիրը, որն ունի 170.000 շահառու, ծրագրի արժեքը կազմում է 50 մլն ԱՄՆ դոլար:
Ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի հիմնանորոգման ծրագրի շրջանակում 3 մարզի 27 բնակավայրում մեկնարկել են շինարարական աշխատանքները, ծրագիրը շարունակական է, ընդհանուր արժեքը 6.2 մլրդ ՀՀ դրամ է: Վերանորոգվում են 6 մարզի 11 քաղաքային և 45 գյուղական բնակավայրի ջրամատակարարման և ջրահեռացման ենթակառուցվածքները, շահառուների թիվը 75.000 է, ծրագրի ավարտին ակնկալվում է ունենալ 24-ժամյա ջրամատակարարում և հոսակորուստների կրճատում, ընդհանուր արժեքը 71 մլն եվրո է:
Վարչապետը պատասխանատուների ուշադրությունը հրավիրել է ոռոգելի հողատարածքների ծավալի մեծացման և ընդհանրապես համակարգում ջրի կորուստների կրճատման խնդիրների վրա՝ կարևորելով միջգերատեսչական համակարգված աշխատանքը այդ ուղղությամբ:
Վարչապետին զեկուցվել է նաև գարնան ոռոգման սեզոնի նախապատրաստական աշխատանքների վերաբերյալ: